20/08/2009 13:03
Բենզինի շուկա. «Արագ բարձրացում - դանդաղ իջեցում»
Վերջին օրերին վառելիքի շուկայում կրկին թանկացում է արձանագրվել: Այժմ բենզալցակայաններում 1 լիտր «Սուպեր» տեսակի բենզինը վաճառվում է 400 դրամով, «Պրեմիումը»` 370 դրամով: Մինչ թանակցումը դրանք արժեին համապատասխանաբար 390 և 360 դրամ:
Տեղական մանրածախ շուկայում այսօր գերիշխող է համարվում «Ֆլեշ» ընկերությունը: Նախկինում այդ պատվավոր տեղում էր «Քաղ Պետրոլ Սերվիս» ընկերությունը, որը սակայն այլևս բենզինի իրացմամբ չի զբաղվում, և շուկայում սկսել է գործել նոր` «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը (նույն «CPS» ապրանքանշանով): Ապրիլից շուկա մուտք գործած «Սիթի Պետրոլ Գրուպը» գերիշխողների ռեեստրում դեռևս գրանցված չէ:
Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) բենզինի իրացման շուկայում հունիսին վարույթ էր հարուցել, որի համար հիմք էր հանդիսացել «CPS» ապրանքանշանով բենզալցակայաններում բենզինի մանրածախ գների բարձրացման փաստը:
ՏՄՊՀ մամլո ծառայության ղեկավար Արմինե Ուդումյանը Aysor-ին տեղեկացրեց, որ հանձնաժողովը նախաձեռնել է բենզինի շուկայում առաջին ինն ամիսների տվյալներով կառուցվածքի ուսումնասիրություն իրականացնել, որի շրջանակներում կդիտարկվի նաև գների շարժը:
«Կա նաև դոլարի փոխարժեքի փոփոխություն, և այդ պատճառով որևէ մեկնաբանությունից ձեռնպահ կմնանանք, քանի դեռ մասնագիտական գնահատական չի տրվել: Հետազոտությունից հետո պարզ կլինի, թե որքանով է «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունը գրավել «Քաղ Պետրոլ Սերվիսի» զբաղեցրած շուկան», - ասաց Ա. Ուդումյանը միաժամանակ վստահեցնելով, որ Հայաստանում բենզինի գները բարձրանում և իջնում են համաշխարհային գներին «համահունչ»:
Aysor-ի փորձերը` տնտեսվարողներից պարզելու, թե այս անգամ ինչով են պայմանավորված վառելիքի գների թանկացումները, հանդիպեցին «վրդովմունքի ալիքի»:
«Ես ձեզ ոչինչ չեմ ասի, տեղեկություն էլ չեմ տա», - առանց նախաբանի պատասխանեց Ֆլեշ ՍՊԸ մարքեթինգի գծով փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը:
«Սիթի Պետրոլ Գրուպ»-ի աշխատակից Պողոսյան Պետրոս ներկայացած անձը պատասխանեց, թե «Չինաստանում ու Նիկարագուայում իրադարձությունների, Օբամայի խոսքերի, աֆրիկյան ցեղերի միմյանց դեմ կատարած գործողություններից են որոշվում աշխարհում բենզինի գները, իսկ նավթի գինը նավթամթերքի գինի հետ կապ ունի միայն 20 տոկոսով»:
«Նավթամթերքի գինն աշխարհում չի իջել», - նշեց նա:
Սպառողների իրավունքների պաշտպանություն ՀԿ-ի նախագահ Աբգար Եղոյանի գնահատմամբ, Հայաստանում «բենզինի գները միջազգային գների թանկացումից հետո շատ արագ են թանկանում, բայց որ նվազում են, շատ դանդաղ են նվազում, կամ էլ չեն նվազում, որովհետև մտածում են, թե մի երկու ամսից հետո նորից կբարձրանա»:
«Արագ բարձրացում - դանդաղ իջեցումը, բնականաբար, սպառողների շահերին չի համապատասխանում», - ասաց Ա. Եղոյանը: