20/08/2009 18:23
Սմբատ Լպուտյան. «Թուրքիան ՖԻԴԵ-ին չի դիմել»
Երեկ «Հայլուր» ծրագիրը, հենվելով թուրքական աղբյուրների վրա, տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Թուրքիայի շախմատային ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՖԻԴԵ-ին` պահանջելով իր պաշտոնական կայքէջում տեղադրված Հայաստանի մասին հրապարակումից հանել ցեղասպանության վերաբերյալ դիտարկումները: ՖԻԴԵ-ն, իբր, պատասխանել է մերժումով` դրսևորելով իր վերաբերմունքը հարցի վերաբերյալ:
Մեր թղթակիցը դիմեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին` ճշտելու համար, թե տարածված տեղեկատվությունը որքանով է համապատասխանում իրականությանը: Սմբատ Լպուտյանը նույնպես տեղյակ էր շրջանառվող լուրերին, սակայն հայտարարեց, որ եթե իրականում նման բան լիներ, ինքն անպայման կիմանար: «Այս պահի դրությամբ ես պաշտոնական որևէ տեղեկություն չունեմ, որ Թուրքիայի ֆեդերացիան նամակ հղած լինի ՖԻԴԵ-ին: Բնականաբար, շախմատի համաշխարհային կազմակերպությունը չեղած բանը չէր կարող մերժել: Այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը»,- շեշտեց նա:
Ավելացնենք, որ Թուրքիայի շախմատային ֆեդերացիայի բողոք արտահայտող նամակի մասին ոչինչ չգիտի նաև ՖԻԴԵ-ի առևտրային գծով փոխնախագահ Ջեֆրի Բորգը, ով այս օրերին Ջերմուկում է և հետևում է շախմատային համաշխարհային կազմակերպության հովանու ներքո ընթացող «Գրան Պրի» շարքի 5-րդ մրցաշարի ընթացքին: