20/08/2009 15:13
Ալեքսան Ավետիսյան. «Ադրբեջանին անվտանգության երաշիքներ տրվել են»
Ադրբեջանական լրատվամիջոցները վերջին շրջանում ակտիվորեն քննարկում են ձյուդոյի երիտասարդական հավաքականի` Երևան ժամանման և Եվրոպայի առաջնությանը մասնակցության հարցը: Որոշ կազմակերպություններ հանդես են գալիս մասնակցության դեմ, իսկ մարզական պաշտոնյաները հայտարարում են, որ առայժմ Հայաստանից անվտանգության երաշխիքներ չեն ստացել և այդ պատճառով դեռ չեն կողմնորոշվել: Նրանք ավելացնում են նաև, որ վերջնական որոշում կկայացնեն այդ երաշխիքների, ինչպես նաև սննդի և հյուրանոցային պայմանների վերաբերյալ տեղեկատվություն ստանալուց հետո:
Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսում, անդրադառնալով նշված խնդրին, ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը շեշտեց, որ ադրբեջանական ֆեդերացիան արդեն հաստատել է 14 հոգուց բաղկացած պատվիրակության կազմը, որում ընդգրկված են պատվիրակության ղեկավարը, մեկ մրցավար, 4 մարզիչներ և 8 մարզիկներ:
«Հայաստանը անվտանգության երաշիքներ տվել է, և անհանգստանալու որևէ խնդիր չկա: Ընդ որում` նման երաշխիքներ են տրվել ոչ միայն Ադրբեջանին: Իսրայելն էլ է երաշիքներ պահանջում: Դուք գիտեք, որ 1972 թ. Մյունխենի օլիմպիական խաղերում տեղի ունեցած դեպքերից հետո Իսրայելի հավաքականը պատվիրակությունների կազմերում միշտ նաև անվտանգության աշխատակիցների է գործուղում: Թուրքիայի մարզական պատվիրակության համար նույնպես նման երաշիքներ ենք ապահովել:
Ուզում եմ շեշտել, որ բոլոր թիմերի անվտանգությունն էլ ապահովված է լինելու: Կրկնում եմ` Ադրբեջանն անվտանգության երաշիքներ ստացել է, ուստի որոշել է ուղարկել պատվիրակության ցուցակը: Ճիշտ է` դեռ հայտ չի ներկայացրել հյուրանոցի համար: Բացի այդ, մենք տեղյակ չենք, թե ինչ չվերթով են ժամանելու Երևան: Մինչև սահմանված վերջնաժամկետը` օգոստոսի 31-ը, կարծում եմ, ադրբեջանցիները հստակություն կմտցնեն նաև այդ հարցերում: Ի դեպ, առաջիկա երիտասարդական առաջնությունը շատ մեծ հետաքրքրություն է առաջացրել Ադրբեջանում: Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, ով ղեկավարում է նաև ազգային օլիմպիական կոմիտեն, հանձնարարել է լրջորեն պատրաստվել երևանյան ստուգատեսին և Հայաստան այցելել ուժեղացված կազմով: Նրանք նախապատրաստական լուրջ աշխատանքներ են իրականացրել, մասնակցել մի շարք մրցաշարերի և ուսումնամարզական հավաքների»,- հայտարարեց Ալեքսան Ավետիսյանը: