20/08/2009 15:27
Երիտասարդ ձյուդոյիստները լրջորեն են նախապատրաստվում
Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականը լրջորեն է նախապատրաստվում Երևանում սեպտեմբերի 11-13-ը կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մեր մինչև 20 տարեկանների թիմը նոր է վերադարձել Պրահայում և Բեռլինում կայացած մրցաշարերից և այսօր էլ շարունակում է նախապատրաստությունը եվրոպական ստուգատեսին:
«Ինչպես գիտեք, Պրահայում միջազգային խոշոր մրցաշար էր կազմակերպվել, որին մասնակցեց նաև Հայաստանի երիտասարդական հավաքականը,- այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը:- 55 կգ քաշային կարգում Դավիթ Մկրտչյանը հռչակվեց չեմպիոն: Նույն քաշային կարգում Գրիգոր Իվանյանը գրավեց երրորդ տեղը: Այդ մրցաշարում 2-րդ տեղեր ապահովեցին 73 կգ քաշային Արտյոմ Բաղդասարյանը և 60 կգ քաշային Տիգրան Վարոսյանը: Այնուհետև չորսօրյա ուսումնամարզական հավաք անցկացրեցինք այն թիմերի հետ, որոնք չէին շտապել մեկնել Չեխիայից:
Պրահայից մեր թիմը մեկնեց Բեռլին: Գերմանիայում տեղի ունեցած այդ մրցաշարում Գրիգոր Իվանյանը 55 կգ քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը, նույնպիսի արդյունք արձանագրեց նաև Արտյոմ Բաղդասարյանը` Գյումրիից: Իսկ ահա Տիգրան Վարոսյանը հանգրվանեց 3-րդ հորիզոնականում: Իհարկե, նվազեցված կազմով էինք մեկնել Բեռլին, բայց վերը նշված արդյունքները վկայում են, որ կարող ենք նվաճումներ ունենալ նաև Երևանում»: