21/08/2009 16:00
Փոխոստիկանապետի սպանության գործը շուտով կբացահայտվի
«Շուտով կլսեք աղմկահարույց մի քանի սպանությունների բացահայտման մասին հայտարարություններ»,- այսօր ասուլիսին հայտարարեց ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանության գործով կալանավորված անձիք կան, որոնց հետ օպերատիվ աշխատանք է կատարվում:
Միևնույն ժամանակ, Սարգսյանն ասաց, որ նման հանցագործությունները բացահայտելը շատ բարդ է ու երկարատև աշխատանք է պահանջում:
«Կոնկրետ մարդիկ կան կալանավորված, շուտով դրա պատասխանն էլ կիմանաք: Բայց որ այս գործը բացելը մեզ համար պատվի, արժանապատվության հարց է, դրանում կարող եք վստահ լինել», - հայտնեց Ա. Սարգսյանը:
Հիշեցնենք, որ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանը սպանվել էր իր տան մուտքի մոտ` այս տարվա փետրվարի 3-ին:
Ալիկ Սարգսյանը նաև հայտնեց մեկ այլ պաշտոնյայի հանդեպ կատարված հանցագործության մասին, սակայն անունը չհրապարակեց:
«Ընդամենը երեկ հանցագործություն է կատարվել: Ինձ դիմում է, որ փողային հարցով իրեն «գցել են», ասում է` թող բերեն, գլխին տան մի քանի անգամ, փողս կտա: Ես նրան ասում եմ, որ դիմում գրի: Նա էլ, թե գրելու հետ չունեմ, մի գիշեր, որ ծեծեն, կտա»,- պատմեց ոստիկանապետը` ընդգծելով, որ ոստիկանությունն առաջվանը չէ` ծեծելով այլևս հանցագործnերին բերման չեն ենթարկում:
«Դիմեք օրինական, օրինական ընթացք էլ կտրվեն գործերին»,- ասաց Ալիկ Սարգսյանը: