21/08/2009 14:47
ՀՀ-ում հանցագործությունների աննախադեպ աճ է գրանցվել
«Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում հանցագործությունների աննախադեպ աճ է գրանցվել, որին ես սառնասրտորեն եմ նայում: Գրանցվել է 6849 հանցագործության դեպք` նախորդ տարվա 3998-ի դիմաց: Ավելի քան 71 տոկոս աճ է տեղի ունեցել, բայց աճի պարագայում ավելի նպատակաուղղված աշխատանք է տեղի ունեցել բացահայտման ուղղությամբ», - այսօր ՀՀ Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը լրագրողներին ներկայացրեց 2009թ.-ի առաջին 6 ամիսներին կատարված աշխատանքների ամփոփ նկարագիրը:
Հանցագործությունների թվի նման աճը Ոստիկանապետը պայմանավորեց 4 հանգամանքով: Առաջինն, ըստ Ա. Սարգսյանի, սոցիալական ոչ բարվոք պայմաններն են, այնուհետև այն, որ ոստիկանությունում սկսվեցին հաշվառվել գործերը, որոնք նյութերով մերժվել են մասնավոր գանգատների հիման վրա: Դա ևս բերեց թվի ավելացման. շուրջ 1324 դեպք նյութերով են մերժվել և 134-ը` քրեական գործերով են կարճվել:
«Երրորդը` լատենտային հանցագործություններն են` տնտեսական, զենք-զինամթերքի և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, որոնք այս տարի նույնպես աննախադեպ աճ են արձանագրել: Վերջինն ու գլխավորը արատավոր պրակտիկան է, որ եղել է ոստիկանության ամբողջ պատմության ընթացքում, հանցագործությունները հաշվառումից թաքցնելն է», - նշեց Ալիկ Սարգսյանը:
Ոստիկանապետի խոսքով, միջինը 10 տոկոսի աճ է եղել բոլոր հանցագործությունների գծով, բացառություն են կազմում սպանությունները, որոնք 6 դեպքով նվազել են:
«Թմրամոլության աննախադեպ աճ է գրանցել` 540 դեպք նախորդ տարվա 384-ի դիմաց, էլ չեմ խոսում իրացման մասին` 228 դեպք` 107-ի դիմաց: Ես գնահատականը թողնում եմ ձեզ: Գնալով ռիսկային պահերն ավելի շատ են լինելու: 329 մարդ է պատասխանատվության կանչվել: Զենքերի ապօրինի շրջանառության մասին էլ միայն ասեմ, որ 803 միավոր հրազեն է հանձնվել», - ասաց Ալիկ Սարգսյանը, հավելելով, որ ապօրինի զենք-զինամթերք դեռ կա, և ինքը չի խուսափում եկող տարվա թվերից:
Միևնույն ժամանակ ՀՀ Ոստիկանապետը հայտնեց, որ հանցագործությունների աննախադեպ աճին զուգընթաց` բացահայտումների տոկոսն է բարձրացել` 84.7` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 75 տոկոսի դիմաց:
«Աշխատանքները լավ համարել չի կարելի, բազմաթիվ անելիքներ դեռ կան: Բայց ես ցանկանում եմ հիշեցնել, որ հանցագործությունների բացահայտումը միայն ոստիկանության խնդիրը չէ: Այստեղ պետք է նաև հասարակության ներգրավվածությունը», - հավաստեց Ալիկ Սարգսյանը: