21/08/2009 17:56
Ի՞նչ էր անելու 1 միլիոնը Մարիամ Սուխուդյանը
ՀՀ ոստիկանապետն անիմաստ քայլ է համարում ի պաշտպանություն S.O.S. Թեղուտի խմբի անդամ Մարիամ Սուխուդյանի անցկացված բողոքի ակցիան:
Ալիկ Սարգսյանն ասաց, որ Նուբարաշենի թիվ 11 հատուկ կրթահամալիրում կատարված դեպքի առթիվ, Մարիամ Սուխուդյանի դեմ հարուցված քրեական գործն ամբողջությամբ հիմանվորված է` զրպարտություն, անհիմն մեղադրանք, որտեղ նաև անչափահասներին է դրդել հանցագործության:
«ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից իր նախաձեռնությամբ ծրագրերի իրականացման համար 1 մլն դրամ էր հատկացվել դպրոցին: Սակայն Մարիամ Սուխուդյանը դիմել է, որ կանխիկացնեն այդ գումարը և տան իրեն»,- նշեց Սարգսյանը:
Այնուհետև երբ մերժում է ստացել, ոստիկանապետի խոսքերով, Սուխուդյանն անցել է ինքագործունեության` աշակերտներին փորձելով ներգրավել այդ պատմության մեջ: Այսօր արդեն ըստ Ալիկ Սարգսյանի, կրթահամալիրի սաները ցուցումներ են տվել, որ իրենց Մարիամն է սովորեցրել զրպարտել հայոց լեզվի ուսուցիչ Լ.Ա-ին:
«Այս պահին գործն ընթացքի մեջ է, բայց մարդիկ ունենք, որ ցուցմունք են տալիս, թե Մարիամն է սովորեցրել…եթե ոտնձգություն եղած լիներ, դրանց մասին ցուցմունքները երկու երեք օրվա ընթացքում երեխաները դժվար թե փոխեին»,- հավաստիացրեց ոստիկանապետը:
ՄԱԿ-ի «10 լավագույն դպրոցներ» ծրագրի շրջանակներում թիվ 11 դպրոցում որպես կամավոր ընդգրկված Հրայր Սավզյանն Aysor-ի հետ զրույցում նշեց, որ Սուխուդյանի ու տնօրենի միջև գումարի շուրջ խոսակցություն չի եղել, ուրիշ կամավոր է գումարը պահանջել տնօրենից, վերջինս էլ ասել է, որ խանութից գնեն անհրաժշետ տեխնիկան, կտրոնը ներկայացնեն, որից հետո նա կհատկացնի գումարը:
«Մենք տնօրենի ասածով ենք արել: Ներկայացնում են, որ Սուխուդյանը տնօրենի վրեժը փորձել է լուծել հայոց լեզվի ուսուցիչ Լ.Ա.-ից, այնինչ Մարիամը չի էլ խոսել տնօրենի հետ գումարային հարցերի մասին»,- ասաց Հ. Սվազյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ոստիկանության Էրեբունու քննչական բաժանմունքում Մ. Սուխուդյանի դեմ առաջադրվել է մեղադրանք` ՀՀ Քրեական օրենսգրքի 333 հոդվածի մաս 2-ի 3-րդ կետով՝ սուտ մատնություն, որը կատարվել է շահադիտական դրդումներով, և պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:
Նախորդող հրապարակումներ` http://www.aysor.am/am/news/2009/08/19/suxudyan/
http://www.aysor.am/am/news/2009/08/19/schools/