24/08/2009 13:31
Սուտ մեղադրա՞նք, թե՞ սուտ վկայություն
«Ռեպորտաժները պատրաստել եմ իմ նախաձեռնությամբ և պատրաստման ընթացքում ոչ մի խնդրանք չեմ ստացել Մարիամ Սուխուդյանից»,- այսօր ասուլիսում հայտարարեց Հ1-ի նախկին թղթակից Սյուզան Սիմոնյանը և նշեց, որ հակառակը, Մարիամն է իր նկարահանած տեսանյութը դժվարությամբ իրեն տրամադրել, այն խոստումից հետո, որ կգնա և կզրուցի աշակերտուհիների ու նրանց մոր հետ:
Այս առումով Ս. Սիմոնյանը բացառեց, որ Մ. Սուխուդյանը նախօրոք գիտակցաբար սուտ տեղեկություն տարածելու մտադրություն է ունեցել, որի հիմքով նրան ներկայումս մեղադրանք է առաջադրվել:
Ս. Սիմոնյանը հայտնեց, որ երկրորդ աշակերտուհին ինքն է իր հետ կապ հաստատել. եկել է Հ1-ի ստուդիա և պատմել է ուսուցչի կողմից իրականացված բռնության դեպքերի մասին, նաև թե ինչ պատիժներ են կիրառել երեխաների դեմ, և անգամ այդ ուսուցչի հետ առերեսման դեպքում, ի տարբերություն առաջինի, աշակերտուհին չի հրաժարվել իր ցուցմունքներից:
«Նախաքննության ընթացքում հարցաքննվել են երեխաներ, որոնք դեռ չեն ավարտել դպրոցն ու կախյալ են դպրոցի տնօրենից և ուսուցիչներից: Այս երեխաներն այնքան խոցելի են: Նրանց դեմ են նաև ծնողները»,- ասաց Ս. Սիմոնյանը:
Նրա մեկնաբանությամբ, հատուկ դպրոցներում երեխաներից շատերը «նորմալ են», սակայն սոցիալապես անապահով ընտանիքներից, և ծնողները նրանց հոգսից ազատվելու համար ուսման են տվել հատուկ դպրոց, ու հիմա չեն ուզում տնօրենի հետ խնդիրներ ունենալ:
Ի դեպ, նշենք, որ Ս. Սիմոնյանը Մարիամ Սուխուդյանի գործով հանդես է գալիս որպես վկա: