24/08/2009 13:58
Սերժ Սարգսյան. «Մենք հոգեպես աղքատ կլինեինք առանց շախմատի»
Երեկ երեկոյան Ջերմուկ քաղաքում ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի 5-րդ մրցաշարը: Փակման արարողությանը, որն ուղեկցվեց համերգային ու բեմական միջոցառումներով, ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Հյուրերի թվում էին ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանը:
Համերգային մասից հետո տեղի ունեցավ մրցաշարի հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը: ՀՀ նախագահը, հանձնելով պարգևները, շնորհավորեց մասնակիցներին ու հաղթողներին, կարևորեց այս մրցաշարը, քանի որ այն տեղի է ունենում հայազգի մեծանուն շախմատիստ Տիգրան Պետրոսյանի անվան ներքո և անցկացվում է նրա հայրենիքում` Հայաստանում:
«Այսօր մենք ավարտեցինք ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի 5-րդ մրցաշարը: Այսպես է պատահում կյանքում, որ հետաքրքիր ու հաճելի պահերն ունենում են իրենց ավարտը: Եվ շատ ուրախ եմ, որ Ջերմուկում ծավալվեց համառ ու լարված պայքար: Վստահ եմ, որ մասնագետները դեռևս տևական ժամանակ կվերլուծեն խաղացված պարտիաները, կտան իրենց գնահատականները, բայց առաջին տպավորությունն այն է, որ հետաքրքիր մրցաշար էր»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարը նշեց նաև, որ այդ մրցաշարը տոն էր ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի շախմատասեր հասարակայնության համար: Նա շնորհակալություն հայտնեց ՖԻԴԵ-ին, անձամբ նրա նախագահ Կիրսան Իլյումժինովին` համագործակցության համար, նաև շեշտեց, որ վերջին տարիներին բավական լուրջ համագործակցություն է ծավալվել ՖԻԴԵ-ի ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի միջև, և այն հետզհետե ավելի ու ավելի է ծավալվում և հասնում մեծ բարձունքների:
ՀՀ նախագահն իր երախտագիտությունը հայտնեց բոլորին, ովքեր հետևում էին մրցաշարին, մասնակցում նրա կազմակերպչական աշխատանքներին, շախմատիստներին, ովքեր «իրենց խաղով նոր շուք հաղորդեցին մրցաշարին»:
«Մեզ բոլորիս միավորում է մեկ բան` սերը դեպի շախմատը, և այդ միավորումը միշտ էլ տալիս է ցանկալի արդյունքներ»,- ասաց Սերժ Սարգսյանը: Նա գրոսմայստերներին մաղթեց նոր հաղթանակներ և ցանկություն հայտնեց, որ հետագայում հասնեն նրան, ինչին չհասան Ջերմուկում: «Ես վստահ եմ, որ Ձեր լավագույն պարտիաները դեռ առջևում են, և Դուք պարտավոր եք ուրախացնել մեզ բոլորիս, պարտավոր եք գեղեցիկ խաղ ցուցադրել, որովհետև առանց գեղեցիկ շախմատի աշխարհում մի բան, այնուամենայնիվ, այն չէ, պակաս կլիներ: Մենք հոգեպես աղքատ կլինեինք առանց շախմատի»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Այնուհետև Սերժ Սարգսյանը շնորհավորեց ուկրաինացի Վասիլի Իվանչուկին հաղթանակի առթիվ և բոլոր գրոսմայստերներին հաջողություն մաղթեց:
Ավարտելով իր խոսքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց. «Ես երջանիկ եմ, իրոք, երջանիկ, որ մենք կարողացանք աշխարհի ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ պատվել մեծ հայորդի Տիգրան Պետրոսյանին: Սա նաև նրա տոնն էր, նրա երազանքների ու իդեալների տոնը: Մենք առանց Տիգրան Պետրոսյանի չէինք կարող ունենալ այսօրվա շախմատային Հայաստանը: Փառք Տիգրան Պետրոսյանին, և ես խոնարհվում եմ նրա լուսավոր հիշատակի առջև»:
3-րդ տեղ գրաված Բորիս Գելֆանդին հուշանվերով պարգևատրեց Տիգրան Պետրոսյանի որդին` Վարդան Պետրոսյանը: Նրա հետ հավասար միավորներով 2-րդ տեղում հանգրվանած Լևոն Արոնյանին պարգևատրեց ՖԻԴԵ-ի փոխնախագահ Ջեֆրի Բորգը` շեշտելով, որ հայ գրոսմայստերը միավորների զգալի տարբերությամբ գերազանցել է մյուս շախմատիստներին և ներկա պահին համարվում է «Գրան Պրիի» հաղթող:
Ջերմուկյան մրցաշարի հաղթող Վասիլի Իվանչուկը պարգևատրվեց 30 հազար եվրոյով: Խորհրդանշական չեկը նրան հանձնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: