24/08/2009 14:28
Վասիլի Իվանչուկ. «Խաղում էի ամենաշախմատասեր երկրում»
Ինչպես արդեն տեղկացրել ենք, Ջերմուկում ավարտված ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» շարքի 5-րդ մրցաշարի վերջին տուրում Վլադիմիր Հակոբյանի նկատմամբ տոնած հաղթանակի շնորհիվ ուկրաինացի գրոսմայստեր Վասիլի Իվանչուկն առաջ անցավ մրցակիցներից և վստահորեն գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Նա հուզված էր ոչ միայն հաղթանակից, այլև մրցաշարի կազմակերպիչների ջերմ վերաբերմունքից, ինչի մասին ակնածանքով էր խոսում մրցանակաբաշխության արարողության ժամանակ:
«Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել ներկաներին թե մրցաշարի և թե լավ երեկոյի համար: Շնորհակալ եմ նաև հոյակապ օրերի համար, որոնք անցկացրեցինք այս հրաշալի հանգստավայրում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև մրցաշարի կազմակերպիչներին ու այն շախմատիստներին, ովքեր մասնակցեցին այս միջոցառմանը: Մրցաշարի ընթացքում մշտապես զգացել եմ, որ խաղում եմ ամենաշախմատասեր երկրում` Հայաստանում: Հաճելի էր, որ այդ մրցաշարը նվիրված էր Տիգրան Պետրոսյանի հիշատակին: Միշտ սովորել եմ և կշարունակեմ Տիգրան Պետրոսյանից սովորել շախմատային արվեստի նրբությունները»,- շեշտեց ուկրաինացի գրոսմայստերը: