24/08/2009 13:09
2 տեսանյութերից ոստիկանությունն ընտրել է 1-ը
Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում աշակերտուհիների դեմ սեռական ոտնձգությունների և դպրոցներում տիրող իրավիճակի մասին պատմող մի քանի տեսանյութեր են հեռարձակվել Հանրային հեռուստատեսությամբ անցած տարի նոյեմբերին: Դրանցից 2-ում 2 աշակերտուհիներ պատմում են հայոց լեզվի ուսուցիչ Լ.Ա-ի կողմից իրենց և իրենց ընկերուհիների նկատմամբ իրականացված սեռական ոտնձգությունների մասին, սակայն կամավոր խմբի համակարգող Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանք հարուցելու համար որպես հիմք է ընդունվել միայն առաջին տեսանյութը, իսկ երկրորդը անտեսվել է: Այս մասին այսօր ասուլիսում պատմեցին Մարիամ Սուխուդյանի շահերի պաշտպան Նոնա Գալստյանը, Հ1-ի արդեն նախկին թղթակից Սյուզան Սիմոնյանը և կամավորները:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանի դեմ մեղադրանք է առաջադրվել օգոստոսի 15-ին` ՀՀ քր.օր. 33 հոդվածի 2 մասի 3 կետով` շահադիտական դրդումներով սուտ մատնություն:
Ն. Գալստյանը հայտնեց, որ խախտվել են քրեական գործ հարուցելու համար օրենքով սահմանված ժամկետները` 3 ամիս` 10 օրվա փոխարեն:
Ըստ նրա, մեղադրանքի հիմքում դրված է Մարիամ Սուխուդյանի շահադիտական դրդումը, ինչը «չի համապատասխանում իրականությանը», քանի որ Սուխուդյանը հանդիսանում էր թիվ 11 դպրոցում իրակաանցվող «10 լավագույն դպրոցներ» ծրագրի կատարման պատասխանատուն և որպես այդպիսին հաշվետու էր ՄԱԿ-ին, որը ֆիանանսավորոում էր ծրագիրը, միջոցառումների իրականացման, այդ նպատակով գումարի ծախսման համար, ինչը կատարել է ժամանակին և պատշաճ կերպով:
«Քննչական մարմինները ուշադրություն չեն դարձնում նաև նրան, որ դպրոցի տնօրենը խոչընդոտել է ծրագրի ընթացքին և հրաժարվել է ծրագրով նախատեսված գումարները նույնիսկ մաս-մաս տրամադրել կամավորներին», - հայտարարեց Սուխուդյանի պաշտպանը:
Պատասխանելով Aysor-ի հարցին, թե որո՞նք են լինելու հետագա քայլերը, Ն. Գալստյանն ասաց, որ բացարկ են հայտնել Էրեբունու քննչական բաժնի հետ կապված, քանի որ իրենց կարծիքով, այս գործով նախաքննությունն իրականացվել է ոչ իրավասու մարմնի կողմից:
«Այն ժամանակ, երբ կստանանք համապատասխան որոշում, թե որ քննչական մարմինն է իրավասու գործով կատարել նախաքննություն, կորոշենք մեր հետագա քայլերը: Պատասխանը հավանաբար կլինի այս շաբաթվա ընթացքում», - տեղեկացրեց Մ. Սուխուդյանի շահերի պաշտպանը: