25/08/2009 15:16
Հայաստանյան բանկերը տարին կփակեն շահույթով
Բանկային ոլորտում օրենսդրական բարեփոխումներ են սպասվում: Ինչպես այսօր ասուլիսում տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը, բանկերից ստացված օրենսդրական առաջարկները միությունն ամփոփել է և ներկայացրել ՀՀ կառավարությանը: Որպես այդպիսիք նա նշեց ԱԱՀ, ոչ ռեզիդենտների հարկման, շարժական գույքի գրավադրման մասին օրենսդրական փոփոխությունները և այլն:
Է. Սողոմոնյանը համաձայնեց, որ բանկերը նոր սկսվող բիզնեսին ավելի դժվարությամբ են վարկեր տրամադրում. «Շատ դեպքեր ունենք, որ, հատկապես նախկինում, բանկերը վարկեր տրամադրում էին կանխիկով և հետագա վերահսկողությունը դառնում էր անհնար ու պարզվում էր, որ վարկային միջոցներով մեքենա են ձեռք բերել: Ներկայումս, եթե բանկերը գոնե 90 %-ով համոզված են լինում, որ դա նոր սկսվող բիզնես է, հատկացնում են»:
Անդրադառնալով վարկային տոկոսադրույքներին, Բանկերի միության նախագահը վստահեցրեց, որ տոկոսներն այնքան էլ բարձր չեն: Ըստ նրա, նման ճգնաժամային պայմաններում պետք է ռիսկերը ավելանային, իսկ տոկոսները` բարձրանային:
«14 % ներգրավելու դեպքում, ինքնարժեքը լինում է 2 %: Եղավ 16 %: Լավագույն դեպքում 2 % մարժա պետք է կիրառվի, այսինքն, վարկը պետք է տրամադրվի 18 %-ով: 18 % կգնա նորմալ բիզնեսով վարկերին, իսկ ավելի ռիսկային դաշտի` սպառողական, հիփոթեքային վարկերի համար, պետք է ավելի բարձր տոկոսներ լինեն», - ասաց Է. Սողոմոնյանը:
Նրա տվյալներով, Հայաստանում վարկերի չվերադարձվելիությունն այս տարի գտնվում է 5-6 %-ի սահմաններում: Նախորդ տարի այդ ցուցանիշը 1 % էր: Է. Սողոմոնյանի գնահատմամբ, 30-40 մլն ընդհանուր կապիտալ ունենալու դեպքում 5-6 %-ը բավականին մեծ թիվ է:
«Այս տարվա առաջին կիսամյակում բանկերն ունեցել են 4 մլրդ 300 մլն դրամ շահույթ (մոտ 12 մլն դոլար): Անցած տարվա համեմատ այդ ցուցանիշը շատ ցածր է` 28 մլրդ շահույթ տարեկան, կիսամյակի կտրվածքով` շուրջ 14 մլրդ: 22 բանկերից 16-ն ունեցան շահույթ, 6-ը` վնասով փակեցին: Վնասների հիմնական պատճառը եղավ արտարժույթի կուրսի բացթողումը մարտի 3-ին»,- նշեց Է. Սողոմոնյանը` բացառելով, որ տարեվերջին բանկերը տարին կփակեն վնասով:
Նա վստահեցրեց, որ համաշխարհային տնտեսությունում, եթե անգամ ճգնաժամի երկրորդ փուլ լինի, ապա հայաստանյան «բանկային համակարգը չի խարխլվի»:
ՀՀ տնտեսության անկումն այս տարի Է. Սողոմոնյանը կանխատեսեց շուրջ 10 %: Սակայն, ըստ նրա, հաջորդ տարի անկումը կանգ կառնի և կլինի 0 % աճ: