25/08/2009 10:39
Եթե ճգնաժամային տարի չլիներ...
Փոքր և միջին ձեռնարկատիրությունների (ՓՄՁ) ոլորտի տեսակարար կշիռը 2008 թ. ՀՆԱ-ի մեջ կազմել է 41.7 % կամ 1110323.5 մլն դրամ, 2007 թ.-ի 41.0 %-ի կամ 926188.1 մլն դրամի դիմաց, այսինքն` 0.7 տոկոսային կետով կամ 184135.4 մլն դրամով ավելի: Այս ցուցանիշների վերլուծությունը ցույց է տալիս, որ վերջին տարիներին ՀՀ-ում արձանագրված ՀՆԱ-ի աճի միտումները պահպանվում են:
2009 թ. ՓՄՁ ոլորտի ցուցանիշները հայտնի կլինեն միայն հաջորդ տարի: Ինչպես Aysor-ի հետ զրույցում նշեց ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի տեղեկատվական բաժնի ղեկավար Կարեն Գևորգյանը, եթե այս տարի ճգնաժամային չլիներ, հնարավոր կլիներ «վերցնել վերջին 5 տարվա միտումները և ըստ այդմ կանխատեսել»:
«Փոքր և միջին ձեռնարկատիրության ոլորտը Հայաստանում 2006-2008 թթ.» տեղեկագրի համաձայն, որը վերջերս է հրատարակվել, 2009 թ. հունվարի 1-ի դրությամբ գրանցված առևտրային իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի ընդհանուր թվաքանակը կազմել է 133405` 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 124.2 տոկոսով: Այս աճը պայմանավորված է հիմնականում հարկային համապատասխան օրենսդրական փոփոխությունների արդյունքում շուկաներում և տոնավաճառներում առևտուր իրականացնող անձանց պետական գրանցմամբ:
ՄԱԿ ՓՄՁ ոլորտի վերաբերյալ իրականացված հետազոտություններում կիրառվող «ՓՄՁ զարգացման ինդեքսը» (ՀՆԱ-ի նկատմամբ մեկ շնչին ընկնող եկամուտների հաշվով) 2008 թ-ին կազմել է 544.0, 2007 և 2006 թթ. համապատասխանաբար` 398.6 և 237.2-ի դիմաց:
Կ. Գևորգյանի տեղեկացմամբ, մինչև 2009 թ. Հայաստանում ՓՄՁ սուբյեկտներն առավել ակտիվ գործել են առևտրի, արդյունաբերության, գյուղմթերքների վերամշակման, ծառայությունների և շինարարության ոլորտներում: