25/08/2009 14:35
«Ինչու՞ է ժողովուրդը պահում դոլար և ոչ թե դրամ»
«Ինչու՞ է ժողովուրդը պահում դոլար և ոչ թե դրամ, ինչու՞ են բոլորը դրամը դարձնում դոլար, հատկապես իրավաբանական անձինք, Ֆիզիկական անձնանց դեռ հասկանում եմ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հարցադրումներ արեց Հայաստանի բանկերի միության նախագահ Էմիլ Սողոմոնյանը և միևնույն ժամանակ էլ պատասխանեց. «Դա օրենսդրության ոչ կատարյալ վիճակն է: Արտարժութային օրենքը պետք է ոչ միայն բանկերի վրա տարածվի, այլ ավելի շատ տնտեսվարող սուբյեկտների վրա»:
Նրա խոսքով, Հայաստանում դոլարն այդքան չէր կարող արժեվորվել, իսկ դրամը` արժեզրկվել: Դոլարը կարող էր արժեվորվել, եթե ԱՄՆ տնտեսությունում աճ լիներ: Է. Սողոմոնյանի հավաստմամբ, Հայաստանում դրամական զանգվածը չի ավելացել, իսկ եթե տրասնֆերները նվազել են, ապա նվազել է նաև տնտեսության աճը:
Ֆինանսիստը սխալ է համարում նաև դոլար-դրամ առք ու վաճառքի գործարքներով մարդկանց գումար աշխատելու ձգտումը:
Է. Սողոմոնյանի կանխատեսմամբ, չի բացառվում, որ կգա մի ժամանակ և դոլարը կարող է դառնալ մի արժույթ, որ ոչ մեկին պետք չէ. «Համաշխարհային իրադարձությունները չգիտես ինչի կանգեցնեն»:
«Հանրապետությունը դոլարիզացվում է ավելի, քան կար մինչև 2000 թ-ը: Եթե համատարած սկսենք միայն դոլարով պահել միջոցները, ապա կարող է աղետ լինել, ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրում, օրինակ Չինաստանում», - կարծում է մասնագետը:
Է. Սողոմոնյանի համաձայն, եթե մեր ամբողջ դրամական բազան փոխում ենք դոլարայինի, ապա պետությունը պետք է որոշում ընդունի դրամը հանել շրջանառությունից և ընդունել այլ արտարժույթ` որպես վճարամիջոց ՀՀ-ում: