26/08/2009 09:51
Արենիի գինեգործությունը 6 հազար տարեկան է
«Եթե սա իսկապես գինու հնձան է, մենք ունեցել ենք արդյունաբերական մակարդակի գինեգործություն», - Aysor-ին ասաց Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի պեղումների արշավախմբի համաղեկավար Բորիս Գասպարյանը:
Վայոց ձորի մարզի Արենիի Թռչունների քարայրում պեղումների ժամանակ հայտնաբերվել են կավե մինչև 50 լիտրանոց և ավելի տարողությամբ կարասներ, կճուճներ, խեցեղեն նմուշներ, խաղողի ճյուղեր, որոնք գիտնականներին թույլ են տալիս ենթադրելու, որ այստեղ եղել է գինու` արդյունաբերական ծավալների արտադրություն:
Ըստ Օքսֆորդի լաբորատորիայի ռադիոածխածնային փորձաքննության արդյունքների, Թռչուններ անունը կրող քարայրից հայտնաբերված խաղողի ճյուղը թվագրվում է 5-րդ հազարմյակի վերջ 4-րդ հազարմայակի սկիզբ:
«Այն, ինչ ցույց տվեցին Օքսֆորդի փորձագիտական լաբորատորիայի արդյունքները ` կասկածի ենթակա չէ», - ասաց Բորիս Գասպարյանը:
Հայաստանի հրաբխային ծագում ունեցող փոքրիկ քարայրները, որոնք տարածված են Արագածի փեշերին, Քասախի կիրճում, Հրազդանի կիրճում, հիմնականում լավ են ուսումնասիրված:
Իսկ կարստային քարանձավները, որոնք առաջանում են լեռնազանգվածների կրաքարային կառուցվածքի պարագայում, այժմ գտնվում են ուսումնասիրման փուլում: Արենիի քարանձավները կարստային են և հնագիտական հարուստ նյութ ունեն:
2007թ.-ից Արենիում համատեղ պեղումներ են անցկացնում Իռլանդիայի, Կալիֆոռնիայի, Մեծ Բրիտանիայի և հայ հնագետները:
«Քարանձավում հայտնաբերած նյութերը հիմնականում առնչվում են էնեոլիթին. 5-րդ հազարմյակի վերջ 4. 100 - 4. 200 մինչև 4-րդ հազարամյակի կեսերը` 3. 500 տարի, ունենք միջնադարյան ժամանակաշրջանի նյութեր: Անցած տարի հայտնաբերել ենք ձեռագրի պատառիկներ` հայերեն, պարսկերեն գրված: Ունենք միջնադարյան որոշ քանակի նյութեր, կառույցներ, օջախներ», - պատմեց Բորիս Գասպարյանը:
Քարայրային էկոխորշերում, քարանձավներում օրգանական նյութը լավ պահպանված է. այստեղ միկրոկլիման ձմռանը և ամռանը մեծ տատանումներ չի տալիս: Արենիի քարանձավները ևս բացառություն չեն:
Հնագետը հիշեցրեց, որ ըստ Անահիտի և Վաչագանի մասին հայկական հեքիաթի, ամբողջ արհեստագործությունը տեղի էր ունենում քարանձավում, ինչը, հնագետի խոսքերով, անհիմն չէ և ունի պատմական հիմք:
Տնտեսության մեջ հատկապես Արենիի հուշարձանը բավականին մեծ դեր է կատարել, իսկ քարայրներն ընդհանրապես եղել են բնակվելու, պաշտամունքի, տնտեսական գործունեության տարածք:
Արենիի քարայրում հայտնաբերվել են նաև երիտասարդ աղջիկների գանգեր, ինչը, ըստ գիտնականների, հուշում է պտղաբերության ծիսական թաղումների մասին:
Գտնվել են նաև այծի և ոչխարի ոսկորներ: Ինչպես տեղեկացրեց Բորիս Գասպարյանը, քարայրում այծեր պահել են կաթի և բրդի, իսկ ոչխարներ` առավելապես միս և բուրդ ստանալու նպատակով:
Հնագետները, փորելով, խորացել են 4 մետր, և այս շերտում ավարտվում է պղնձե քարի դարի մշակութային զբաղվածության շերտը և սկսվում են քարայրի պլոստեցենյան ժամանակաշրջանի նստվածքները:
«Այդ փոքրիկ մակերեսը հնարվորություն չտվեց ավելի խորը գնալ, լայնացնել էլ չէինք կարող, քանի որ կվնասեինք կողքի կավակերտ կառույցները», - նշեց Բորիս Գասպարյանը:
Հնագիտական այս գտածոների նմուշները այժմ աշխարհի տարբեր հեղինակավոր լաբորատրիաներում են: Հնագետները սպասում են վերջնական արդյունքներին, իսկ Արենիի քարայրի պեղումները շարունակվում են նաև այսօր: