26/08/2009 12:06
ՀՖՖ-ն Մուրադովայի նշանակման մասին դեռևս չի տեղեկացվել
Ինչպես արդեն հայտնել ենք, հոկտեմբերի 23-30-ը Հայաստանի կանանց մինչև 17 տարեկանների հավաքականը Սերբիայում կմասնակցի Եվրոպայի պատանեկան առաջնության որակավորման փուլին: Մեր թիմի հետ միասին նույն խմբում են հայտնվել նաև Ռուսաստանի, Իսպանիայի և Սերբիայի հավաքականները:
Ադրբեջանական լրատվամիջոցները, հենվելով իրենց ֆուտբոլի ֆեդերացիայի տարածած տեղեկատվության վրա, շեշտում են, որ ընտրական փուլի շրջանակներում կայանալիք Իսպանիա-Հայաստան հանդիպումն սպասարկելու է Ադրբեջանը ներկայացնող ՖԻՖԱ-ի մրցավար Վեներա Մուրադովան:
Մեկնաբանելով այս տեղեկատվությունը` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում շեշտեց, որ մեր ֆուտբոլային գերատեսչությունը նման նշանակման վերաբերյալ որևէ պաշտոնական փաստաթուղթ չի ստացել ՈՒԵՖԱ-ից: Նա, սակայն, չբացառեց, որ, այնուամենայնիվ, հնարավոր է, որ Հայաստանի ֆեդերացիային այդ մասին ավելի ուշ հայտնեն: Նաև ավելացրեց, որ նման դեպքերում եվրոպական ֆուտբոլային ֆեդերացիաների միությունը սովորաբար շահագրգիռ ազգային ասոցիացիաներին միաժամանակ է տեղեկացնում իր նշանակումների մասին: