26/08/2009 19:17
Հովհաննես Դավթյանը` բրոնզե մեդալակիր
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոլանդական Ռոտերդամ քաղաքում ընթացող ձյուդոյի աշխարհի առաջնությունում Հովհաննես Դավթյանը քառորդ եզրափակչում պարտություն էր կրել, սակայն չէր կորցրել պայքարը շարունակելու հնարավորությունը: 3-րդ տեղի համար մրցավեճում Հովհաննես Դավթյանը հաղթեց Իրանի ներկայացուցիչ Վահիդ Սարլակին և նվաճեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալը: Նույնպիսի պարգևի արժանացավ նաև իտալացի Էլիո Վերդեն` վճռորոշ գոտեմարտում պարտության մատնելով վրացի Նեստոր Խերգիանիին:
Հաղթելով իրանցի մարզիկին` Հովհաննես Դավթյանը տիրացավ ոչ միայն բրոնզե պարգևին, այլև ռևանշ վերցրեց Արսեն Գալստյանի համար: Հիշեցնենք, որ Վահիդ Սարլակն ասպարեզից դուրս էր թողել ռուսաստանցի մեր հայրենակցին:
Ավելացնենք, որ այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճեց ուկրաինացի Գեորգի Զանտարայան: Արծաթե մեդալը բաժին հասավ ճապոնացի Հիրոակի Հիրաոկային, ով քառորդ եզրափակչում հաղթել էր Հովհաննես Դավթյանին: