28/08/2009 13:05
Եվրոպական ընտրական համաժողով՝ Երևանում
Սեպտեմբերի 3-ից 5-ը Երևանում տեղի կունենա «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» խորագրով Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության 18-րդ ամենամյա համաժողովը: Այդ մասին այսօր ասուլիսին հայտնեց ՀՀ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը:
Ըստ բանախոսի, համաժողովին կմասնակցեն մոտ 30 երկրի և տարբեր միջազգային կազմակերպությունների շուրջ 150 ներկայացուցիչ, այդ թվում՝ սահմանադրական դատարանների, դաշնային ընտրական դատարանների, կենտրոնական ընտրական հանձնաժողովների ներկայացուցիչներ և փորձագետներ:
«Համաժողովի շրջանակներում անցկացվելու են քննարկումներ` «Դատարանների դերն ընտրական գործընթացներում», «Ակտիվ ընտրական իրավունքի վերականգնման մեխանիզմները և դատական պաշտպանությունը», «Ընտրական գործընթացներում սոցիոլոգիայի կիրառման միջազգային փորձը» և այլ թեմաներով»,- նշեց ԿԸՀ նախագահը, հավելելով, որ այդ օրերին կազմակերպվելու է նաև ընտրական սարքավորումների և ծառայությունների ցուցահանդես:
Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը և Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի՝ «IFES»-ի հովանավորությամբ: