28/08/2009 13:19
Ֆինանսների նախարար. «2010 թ. պետբյուջեի դեֆիցիտը կնվազի»
«2009 թ. կհաջողվի ավարտել պետական բյուջեի 6,5 % դեֆիցիտի շրջանակներում: 2010 թ. պետբյուջեի դեֆիցիտը կնվազի և կլինի 5,0-5,5 %, իսկ հաջորդ տարիներին կձգտենք, վերադառնալով այն չափերին, որ եղել է նախքան ճգնաժամը` մինչև 3 % դեֆիցիտ», - այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը:
Նրա խոսքով, ընթացիկ դեֆիցիտը կազմում է 67 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի հարաբերակցությամբ 4.7 % է: Նախարարը վստահեցրեց, որ ամեն դեպքում տարվա կտրվածքով ԱԺ սահմանած դեֆիցիտը` մինչև 7,5 %, չի գերազանցվի:
2009 թ. առաջին 7 ամսում բյուջեի կատարման ցուցանիշները կազմել են 359 մլրդ դրամ հավաքագրված եկամուտներ և 426.5 մլրդ դրամ ծախսեր: Տ. Դավթյանի համաձայն, Վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալները մեծ անակնկալ չէին, քանի որ դրանք հիմնականում կանխատեսվում էին միջազգային կառույցների և ՀՀ համապատասխան գերատեսչությունների կողմից:
Նախարարը նշեց, որ 2009թ. առաջին 7 ամսվա տվյալներով ՀՆԱ-ն նվազել է 18 %-ից ավելի, ինչը պայմնավորված է մի շարք գործոններով, սակայն դրանց հիմքում ընկած է գլոբալ ֆինասատնտեսական ճգնաժամը: Գնաճը բավականին ցածր է, նույնիսկ կա սեզոնային որոշակի դեֆլյացիա:
«Ֆինանսական հոսքերը և բյուջեի կատարումը համարժեք են այն տնտեսական իրավիճակին, որ այսօր կա Հայաստանում»,- կարծում է Տ. Դավթյանը:
Ֆինանսների նախարարի ներկայացմամբ, ՀՆԱ-ի ցուցանիշի անկումը` անցած տարվա 7 ամիսների հետ համեմատած, այս տարի բարձր է, քանի որ անցած տարի բազան բարձր է եղել.
«Անցած տարվա հունիս-հուլիսին տնտեսությունը հասել էր իր պիկային մակարդակին», - ասաց Դավթյանը:
Տ. Դավթյանի կանխատեսումներով, այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այդ ցուցանիշը կսկսի բարելավվել և տարեվերջին կունենանք ավելի քիչ անկում, քանի որ անցած տարեվերջից սկսվեց տնտեսական անկումը:
Տնտեսությունում նկատվում են կայունացման միտումներ, որոնք այնքան էլ կայուն չեն և, ըստ նախարարի, խնդիր կա դրանք կայունացնել: Նա դրական ազդակ համարեց այն, որ աշխարհի կարևորագույն տնտեսություններում` ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան նկատվում է գլոբալ ֆինանսատնտեական ճգնաժամի ավարտի սկիզբը, և, բնականաբար, դա որոշակի դրական ֆոն է ձևավորում նաև մեր տնտեսության վրա:
«Տարվա կտրվածքով ցուցանիշներն ավելի բարվոք կլինեն, քան 7 ամսվա կտրվածքով: Տնտեսության ակումը կլինի 18,5 %-ից ցածր և կարող է տատանվել 10-15 %-ի սահմաններում: Հաջորդ տարվանից կսկսվի տնտեսության վերականգնումը, կլինի 1-1,5 % տնտեսական աճ», - կանխատեսեց Տ. Դավթյանը: