28/08/2009 17:38
Ադրբեջանն այսօր վերահաստատեց իր մասնակցությունը
Այսօր Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիան պաշտոնական փաստաթղթով վերահաստատել է, որ մասնակցելու է Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Վերջնական հայտի համաձայն` ադրբեջանական մարզական պատվիրակությունը բաղկացած կլինի 5 մարզիկներից: Մինչև 55 կգ քաշային կարգում հանդես կգա Իլգար Մուշկիևը, մինչև 60 կգ քաշային կարգում` Ռասիմ Ասադուլլաևը, մինչև 66 կգ քաշային կարգում` Ֆագան Էմինօղլուն, մինչև 81 կգ քաշային կարգում` Ռամին Գուրբանովը, մինչև 100 կգ քաշային կարգում` Էլմար Գասիմովը: Թիմին կուղեկցեն բժիշկներ Քամիլ Իսկանդարովը և Ազեր Մամմադովը, մարզիչներ Ֆարհադ Մամմադովը, Ազեր Շիխալիևը, Աղայար Ախունդզադան և մրցավար Վալեհ Մահարամովը: Պատվիրակության ղեկավարն է Էլշադ Ալաքբարովը: Հայտում նշված է, որ Երևան կժամանեն նաև երկու լրագրողներ:
«Հոլանդիայում կայացած հանդիպման ընթացքում Երևան ժամանելու իրենց ցանկության մասին խոսեցին նաև Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, սոցիալական ապահովության նախարար Ֆիզուլի Ալաքպարովը և սպորտի նախարար Ազադ Ռահիմովը: Այսօր արդեն նրանց ժամանման մասին ունենք հաստատված տեղեկություններ: Սպորտում, առավել ևս` ձյուդոյում, կրքերը բացառապես մարզական են, և մենք բարձր մակարդակով կընդունենք մեր հյուրերին` անկախ ազգային և կրոնական պատկանելությունից: Իսկ նրանց հանգիստը և Հայաստանում կեցությունը լավագույնս ապահովելու նպատակով երաշխիքներ ենք ստացել մեր պետության համապատասխան կառույցներից»,- ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի խոսքերը մեջբերված են առաջնության մամուլի քարտուղարության տարածած հայտարարության մեջ:
Ավելացնենք, որ Երևանում սեպտեմբերի 1-13-ը կայանալիք Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնության մասնակցության վերջնական հայտերը կընդունվեն մինչև օգոստոսի 31-ը: