28/08/2009 14:10
2010 թ. բյուջեն` «իրատեսական և համեստ»
«Հաջորդ տարվա բյուջեն լինելու է իրատեսական, համեմատաբար համեստ: Պետք է ելնենք մեր ռեալ հնարավորություններից, բայց միաժամանակ պետք է պահպանենք այն տնտեսական զարգացման և ֆինանսավորման մակարդակը, որ ունենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը` հավաստիացնելով, որ 2010 թ. բյուջեն սեկվեստրի ենթարկելու մտադրություն չկա:
Նախարարի համաձայն, չնայած ճգնաժամին, այս տարվա բյուջեն բավականին արդյունավետ կատարվում է, և իրականացվում են գրեթե բոլոր ծրագրերը, որ նախատեսված են բյուջեով:
«Չկա ոչ մի չբավարարված հայտ, և նույնիսկ կան ծախսեր, որ ավելի շատ են արվում, քան նախորդ տարիներին, մասնավարոապես սոցիալական ծախսերը», - ասաց նախարարը նշելով, որ բյուջետային համակարգի աշխատավարձերը նախորդ տարվա համեմատ 18 %-ով աճել են:
Հաստատելու համար, որ ծախսերի առումով խնդիրներ չկան, Տ. Դավթյանը տեղեկացրեց, որ միասնական գանձապետական հաշվի վրա այս պահի դրությամբ կա 170 մլրդ դրամ գումար` չհաշված ընթացիկ հոսքերը:
Նախարարը միաժամանակ նշեց, որ ունենալով բավարար ռեսուրսներ, աշխատում են խնայողական ռեժիմով:
«Չենք անում այն ծախսերը, որ էական ազդեցություն չեն ունենում տնտեսության վրա: Դրանք տեղափոխվել են չորրորդ եռամսյակ, կազմում են մոտ 93 մլրդ դրամ և հիմնականում պետական կառավարման համակարգի պահպանման ծախսեր են», - նշեց նախարարը:
Տիգրան Դավթյանը տեղեկացրեց, որ ավելացրել են նաև ծախսեր, որոնք նախատեսված չէին բյուջեի նախնական տարբերակով և որոնք ուղղված են տնտեսության խթանմանը:
«Լրացուցիչ ծախսեր են նախատեսվել աղետի գոտու վերականգնման աշխատանքների համար` 24-25 մլրդ դրամ, ավելացված արժեքի արտահանողների գերավճարների վերադարձման առումով` 15 մլրդ դրամ, նաև օպերատիվ շտաբի որոշումների իրականացման, գյուղատնտեսությանը վարկավորելու համար` 7-8 մլրդ դրամ»:
«Բյուջեով նախատեսված 945 մլրդ դրամի ծախսերը, կարծում եմ, որ կկատարենք 905 մլրդի սահմաններում», - ասաց Տ. Դավթյանը: