31/08/2009 14:07
Ամրագոտիներ կապելն էլ շուտով կդառնա բնավորություն
Ուղևորատար տրանսպորտային միջոցների վարորդները ևս պետք է ամրագոտիները կապեն, պարզապես տարիներ ի վեր չի պահանջվել, նրանք էլ հանել են: Այժմ ժամանակ է տրված, որ գոնե մինչև հոկտեմբերի մեկը ձեռք բերեն ամրագոտիներն ու կապեն: Այսօր նման հայտարարություն արեց Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը:
Նրա խոսքով, չի կարելի ուղևորատար միջոցները մեկ օրում կանգնեցնել ու արձանագրություն կազմել:
«Մեր առաջին պարտքն է ապահովել ուղևորների տեղաշարժը, դրա համար տրվեց ժամանակ, որպեսզի ուղևորներին տեղափոխող երթուղայինն անընդհատ չկանգնեցվի»,- ասաց Օհանյանը:
Նա նաև ցանկացավ «հիասթափեցնել բոլոր այն մարդկանց, ովքեր սեղանի շուրջ նստել ու ասել են, թե ամրագոտի չեն կապելու»:
«Բոլորն էլ կապելու են: Գցելու ենք բոլորս. նախ մեզ համար է, և որքան շուտ կապեն, այնքան շուտ այդ կոմպլեքսից դուրս կգան: Չի լինելու որևէ մեկը, որ չգցի», - վստահ է Ճանապարհային ոստիկանության պետը:
Ամրագոտիների կապելն ընդամենը Ճանապարհային ոստիկանության ռազմավարության փուլերից մեկն է: Անցած տարվանից արդեն իրականացվել է շեղությամբ կամ գծի վրա կանգնելու «սովորությանը վերջ դնելը», և Օհանյանը համոզված է, որ ամրագոտիներ կապելն էլ շուտով կդառնա բնավորություն, քանի որ, ըստ նրա, «անվտանգության գոտի» բառն իսկ հուշում է, որ դա միայն անվտանգության համար է:
«Հետ գնալու տեղ չունենք, բոլորս ենք կապում: Ընդամենը ժամանակի հարց է: Ստիպելու ենք, քանի որ վարչական տույժ է հասնում»,- ասաց Մարգար Օհանյանը:
Ըստ նրա, մգեցված ապակիներով մեքենաների դեպքում ևս տեսուչները լավ նկատում են, թե վարորդն ամրագոտիո՞վ է, թե՞ ոչ, քանի որ դիմացից «լավ էլ երևում է»: Նա նաև շեշտեց, որ 5000 դրամը հեշտ չի վաստակվում, որ ամրագոտի չկապեն ու հաճույքով տուգանվեն:
«Մի կարծեք, թե օրվա մեջ մեկ անգամ պետք է պատժենք ամրագոտի չկապած վարորդին: 5-10 անգամ միայն կանգնել, արձանագրություն ստորագրել, տեսուչի հետ զրուցել, տեսուչի հետ շփվել, դա արդեն մարդու հոգեկանը կխանգարի»,- նշեց Օհանյանը: