31/08/2009 12:49
Վաղը կմեկնարկի «Ուշադրություն, երեխաներ» միջոցառումը
Սեպտեմբերի 1-10-ը կանցկացվի «Ուշադրություն, երեխաներ» միջոցառումը: Ճանապարհային ոստիկանության այս միջոցառումը նպատակ ունի հնարավորության սահմաններում ընդհուպ մինչև զրոյի հասցնել պատահարներն ուսումնական հաստատությունների մոտ:
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի սեպտեմբերի 1-ից ապահովել անվտանգ ու անխափան երթևեկությունը հանրապետության ողջ տարածքում` ուսումնական հաստատությունների մոտ կազմակերպելով այնպիսի ծառայություն, որ հնարավորինս քիչ գրանցվեն ճանապարհային պատահարներ:
«Ճանապարհային ոստիկանությունը պատրաստ է: Մեզ համար ամենածանր միջոցառումներից է` առաջին կուրս, առաջին դասարան, մանկապարտեզ… բայց մենք պատվով կկատարենք մեր գործը», - նշեց Մարգար Օհանյանը:
Արդեն 29-րդ տարին է, ինչ իրականացվում է այս միջոցառումը, և, Օհանյանի խոսքով, պարզապես ժամանակ է եղել, երբ շատ ավելի խիստ են մոտեցել, եղել է` ոչ այնքան:
Ճանապարհային ոստիկանության պետը նաև տեղեկացրեց, որ անցած տարի ուսումնական տարվա առաջին տասնօրյակում 4 պատահար է տեղի ունեցել, ընդ որում դրանք ուսումնական հաստատությունների մոտ չեն եղել: Պատահարների ժամանակ չեն գրանցվել նաև զոհեր: