02/09/2009 15:31
Ադրբեջանի սպորտի նախարարը ժամանեց Երևան
Ինչպես Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից, այսօր, կապված սեպտեմբերի 11-13-ը Երևանում կայանալիք ձյուդոյի երիտասարդական առաջնությանը Ադրբեջանի թիմի մասնակցության հետ, Երևան են ժամանել այդ երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ազադ Ռահիմովը, ինչպես նաև ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ֆիզուլի Ալեքպերովը: Հայաստանյան մարզական գերատեսչությունում նրանք հանդիպում են ունեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանի և ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի հետ:
Իհարկե, հայտնի է, որ Ադրբեջանի սպորտի նախարարը և ֆեդերացիայի նախագահը Հայաստան են ժամանել` անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու նպատակով: Փաստաթուղթն արդեն ստորագրված է, և հայկական կողմն ստանձնել է հյուրերի անվտանգության ապահովման խնդրի լուծումը:
Հիշեցնենք, որ հետխորհրդային շրջանում Ադրբեջանի մարզական պատվիրակությունն առաջին անգամ է հյուրընկալվում Հայաստանում: Նրա այցի հետ կապված մեր հասարակության մեջ որևէ առանձնահատուկ տրամադրվածություն կամ վերաբերմունք չկա: Վստահ ենք, որ հարևան երկրի մարզական պատվիրակության անդամները նույնիսկ առանց անվտանգության աշխատակիցների ուղեկցության կարող են զբոսնել Հայաստանի մայրաքաղաքում և չնկատել, որ գրավում են մարդկանց ուշադրությունը: Չէ՞ որ սա Երևանն է, և այստեղ հյուրընկալ հայերն են ապրում:
Ավելացնենք, որ Ազադ Ռահիմովը և Ֆիզուլի Ալեքպերովը մտադիր են մինչև առաջնության ավարտը մնալ Երևանում: Ավելի ուշ նրանց կմիանան նաև մարզիկներն ու մարզիչները: