03/09/2009 13:42
ԱԺ նախագահը կարևորում է միջազգային փորձն ու համագործակցությունը
«Ուրախ եմ մասնակցելու Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության ամենամյա համաժողովին, որի 18-րդ հանդիպումը որոշեցիք անցկացնել Երևանում», - հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` ողջունելով Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության (ԵԸԻԸ) համաժողովի մասնակիցներին և հյուրերին:
Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկեց ԵԸԻԸ 18-րդ համաժողովը, որին մասնակցելու համար Երևան են ժամանել մոտ 30 երկրների և տարբեր միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ:
«Յուրաքանչյուր ժողովրդավարական պետության համար ընտրական համակարգը հանդիսանում է այդ պետության կարևորագույն ռազմավարական ուղեցույցներից մեկը», - նշեց Հ. Աբրահամյանը բացման խոսքում, ընդգծելով, որ համաժողովի կոմից ընտրված «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» թեման անդրադարձ է մեր ժամանակներում ընտրությունների հետ կապված հարցերին:
ԱԺ նախագահի խոսքերով` ոչ ոք չի ցանկանում պարտություն կրել ընտրություններում, իսկ քաղաքական պայքարում պարտվելու դեպքում շատերի մոտ մեծ է լինում գայթակղությունը վիճարկել այդ ընտրությունների արդյունքները:
«Հենց այդ պատճառով է, որ բոլոր ժողովրդավար երկրները հանգել են այդ հարցերը դատական իշխանության միջոցով կարգավորելու լուծմանը», - ընդգծեց Հ. Աբրահամյանն ու հավելեց, որ «չի կարող լինել երկու ճշմարտություն, հատկապես այն ժամանակ, երբ խոսքը զուտ քաղաքական մրցակցության մասին է, և այդ ժամանակ միայն անկախ և ուժեղ դատական իշխանությունն է այն մարմինը, որը կարող է տալ վերջնական ու անբեկանելի եզրակացություն` մրցակցող քաղաքական ուժերի հակասությունների վերաբերյալ»:
ԱԺ նախագահը կարևորեց նաև միջազգային համագործակցությունը և փորձի փոխանակումը, քանի որ ընտրությունների անցկացման և կազմակերպման գործընթացում, ըստ նրա, «առկա են ընդհանուր ձեռքբերումներ, միևնույն ժամանակ ընդհանուր են նաև խնդիրները »:
«Այս սրահում մեր օտարերկրա գործընկերների ներկայությունը վկայում է ՀՀ և միջազգային կառույցների գործընկերների հետ աշխատանքում մեր ամենալուրջ և վճռական մտադրությունների մասին», - հայտնեց ԱԺ նախագահը:
Հ. Աբրահամյանը հույս հայտնեց նաև, որ համաժողովի մասնակիցները բացի համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցությունից նաև ժամանակ կհատկացնեն «ծանոթանալու մեր երկրին, նրա պատմությանն ու մշակութային ժառանգությանը և վայելելու Հայաստանի հյուրասիրությունը»: