03/09/2009 12:52
«Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» համաժողովը մեկնարկեց
Այսօր Երևանում մեկնարկեց Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցության 18-րդ ամենամյա համաժողովը: Համաժողովը, որի գլխավոր թեման է «Ընտրական իրավունքի դատական պաշտպանությունը» կանցկացվի մինչև սեպտեմբերի 5-ը:
Տեղեկացնենք, որ համաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել մոտ 30 երկրների և տարբեր միջազգային կազմակերպությունների ավելի քան 150 ներկայացուցիչներ, այդ թվում` սահմանադրական դատարանների, դաշնային ընտրական դատարանների, կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախագահներ, անդամներ և փորձագետներ:
Նշենք, որ Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցությունը հիմնադրվել է 1991 թ-ին Հունգարիայում` Բուդապեշտում: Ընկերակցությունն ընդգրկում է 23 անդամ-պետություն` Ալբանիա, Ադրբեջան, Բելոռուս, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Թուրքիա, Լատվիա, Լիտվիա, Լեհաստան, Խորվաթիա, Հայաստան, Հունգարիա, Ղազախստան, Ղրղզստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Ռումինիա, Ռուսաստան, Սերբիա, Սլովակիա, Վրաստան, Ուկրաինա:
Նշենք նաև, որ յուրաքանչյուր տարի անդամ-պետություններից մեկում է կազմակերպվում ընկերակցության համաժողովը: Հայաստանը, որն ընկերակցության անդամ է 1999 թ-ից, այս տարի ստանձնել է համաժողովի անցկացումը Երևանում, հետևաբար մեկ տարի ժամկետով նախագահելու է ընկերակցությունը:
Համաժողովի գլխավոր նպատակն է քննարկել փորձի փոխանակման, ընտրական գործընթացներին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդամ-պետությունների ընտրական իշխանությունների միջև համագործակցություն հաստատելու հնարավորություն ստեղծել: Համաժողովի ընթացքում կազմակերպվում է նաև ընտրական սարքավորումների և ծառայությունների ցուցահանդես:
Համաժողովի քննարկվելիք թեմաներն են «Դատարանների դերն ընտրական գործընթացներում», «Ակտիվ ընտրական իրավունքի վերականգնման մեխանիզմները և դատական պաշտպանությունը», «Ընտրական գործընթացներում սոցիոլոգիայի կիրառման միջազգային փորձը», «Ընտրողների ճիշտ ցուցակների կազմումը» և այլն:
Տեղեկացնենք նաև, որ հայաստանյան համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Եվրոպայի ընտրական իշխանությունների ընկերակցությունը` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի` «Այ Էֆ Ի Էս»-ի հովանավորությամբ: