03/09/2009 11:46
Հրաչիկ Ջավախյանի տպավորիչ հաղթանակը
Միլանում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մինչև 60 կգ քաշային կարգում Հրաչիկ Ջավախյանը վստահ հաղթանակ տոնեց բուլղարացի բռնցքամարտիկ Սիմեոն Բունարժիժի նկատմամբ: Հայ մարզիկի օգտին արձանագրված 11:1 հաշիվը վկայում է մենամարտի ընթացքում նրա հսկայական առավելության մասին: Ընդ որում` առաջին ռաունդում Հրաչիկը հաղթեց 4:0 հաշվով, իսկ երկրորդ ռաունդում մեծացրեց ճնշումը և առավելության հասավ 6:0 հաշվով: Երրորդ ռաունդում նա թուլացրեց տեմպը և մրցակցին հնարավորություն տվեց գոնե մեկ դիպուկ հարված կատարել ու միավոր վաստակել. գրանցվեց 1:1 արդյունք: Այսպիսով` Հրաչիկ Ջավախյանը հաջորդ փուլում է և սեպտեմբերի 4-ին կմենամարտի Էվերտոն Լոպեսի հետ:
Բելառուսի ներկայացուցիչ Վազգեն Սաֆարյանցի մրցակիցն էր կամերունցի Աչել Ապիեն: Այս մենամարտը չի կայացել Աչել Ապիեի չներկայանալու պատճառով, և հաղթանակը շնորհվել է մեր հայրենակցին:
Ավելացնենք, որ այսօր մինչև 69 կգ քաշային կարգում Սամվել Մաթևոսյանը կմենամարտի Յետմիր Կուչիի (Ալբանիա) հետ: Մինչև 48 կգ քաշային կարգում ՌԴ դրոշի տակ հանդես եկող Դավիթ Հայրապետյանի մրցակիցն է Սեգուրա Ավիլան (Կոլումբիա), իսկ նույն քաշային կարգում Վրաստանը ներկայացնող Ալեքսան Չեչելյանը կմենամարտի թուրք Ֆերհաթ Փեհլիվանի հետ:
Այսօր ռինգ դուրս կգան նաև Ազատ Հովհաննիսյանը և Ցոլակ Անանիկյանը, ովքեր համապատասխանաբար հանդես են գալիս մինչև 57 և 91 կգ քաշային կարգերում: Առաջինի մրցակիցն է Հեկտոր Մանզալինան (Վենեսուելա), իսկ երկրորդինը` Սանդրո Դիռնֆելդը (Սլովակիա):