05/09/2009 16:20
Նունե Եսայանը թուրքերեն չի երգում
«Սրանից հետո որևէ լրագրող, ով կհամարձակվի իմ կամ իմ ընտանիքի մասին անհեթեթ, ոչ ճիշտ տեղեկատվություն հրապարակել, խոստանում եմ, որ պատժվելու է», - հայտարարեց երգչուհի Նունե Եսայանը` իր հասցեին մամուլում տեղ գտած հրապարակումների մասին, որոնք, ըստ երգչուհու, չեն համապատասխանում իրականությանը:
Երգչուհին հայտնեց, որ մամուլում անանուն տպագրվել է մի հոդված, որում ասված է եղել, թե իբր նա, իր համերգներից մեկի ժամանակ, երգել է թուրքերեն, և հոդվածի հեղինակն այդ տեղեկատվությունը կապել է Նունե Եսայանի անձի հետ:
Ն. Եսայանը խորհուրդ տվեց բոլոր լրագրողներին «նյութ գրելուց առաջ մի քիչ ուսումնասիրել նյութը»: Նա նշեց նաև, որ իր ցանկացած համերգի ժամանակ նախքան երգը կատարելը, ինքը ներկայացնում է երգի պատմությունը: Հստակեցնելով թյուրիմացությունը` երգչուհին հայտնեց, որ խոսքը Սիրիայի Քեսաբ շրջանի հայկական բարբառով մի երգի մասին է եղել:
«Ես իմ երգեցողության մեջ թուրքերեն ոչ մի բան չեմ տեսնում», - ընդգծեց Ն. Եսայանն ու հայտնեց, որ ինքը դեմ չէ, երբ քննադատության կամ վերլուծության է ենթարկվում իր կատարողական արվեստը, եթե դա արվում է մասնագիտական հիմնավորումներով և փաստերով: