07/09/2009 14:16
«DigiTec Expo»-ն` տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդես
«Մենք հավակնում ենք 10 տարվա ընթացքում դառնալ տարածաշրջանային խոշորագույն ցուցահանդես, ինչը բովանդակային առումով մեզ հաջողվել է»,- հայտարարեց ցուցահանդեսի կազմակերպիչ, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը` «Ձեր թվային ապագան» խորագիրը կրող DigiTec Expo 2009` արդեն 5-րդ միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրեց Կ. Վարդանյանը, այս տարի հաջողվել է լուծել ցուցահանդեսի անցկացման վայրի խնդիրը: Ցուցահանդեսը տեղի է ունենալու հոկտեմբերի 2-4-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Կազմակրպիչներն ակնկալում են շուրջ 50 ընկերությունների և ավելի քան 11-12 հազար` այցելուի մասնակցությունը ցուցահանդեսին:
Կազմակերպիչների խոսքերով` ցուցահանդեսի շրջանակներում անցկացվելու են նորաստեղծ ընկերությունների ֆորումներ, որտեղ շուրջ 10 ընկերություններ կցուցադրեն իրենց նորույթները` ներդրումներ գրավելու համար: Նախատեսվում է անցկացնել նաև «Ի-Գավերմենթ» («i-Gaverment») ֆորումը, որտեղ պետական մարմինները կներկայացնեն իրենց ծառայությունները:
Կ. Վարդանյանը հայտնեց, որ այս տարի ցուցահանդեսի ընթացքում լինելու է «GameZone» ծրագիրը, որտեղ երիտասարդները կարող են ծանոթանալ վերջին խաղային լուծումների հետ, փորձարկել դրանք և մրցել միմյանց հետ: Բացի այդ, անցկացվելու են Հայաստանի ռոբոտների բաց առաջնության («Armrobotics») «Գծին հետևող ռոբոտ» և «Համակարգչային սիմուլյացիա» մրցույթների եզրափակիչ փուլերը:
«Կլինի ավանդական սեմինարների շարքը, որտեղ երեք օր անընդմեմջ կցուցադրվեն վերջին տեխնոլոգիական նորությունները»,- հայտնեց Կ. Վարդանյանը, ով հավստիացրեց, որ ցուցահանդեսը հարուստ կլինի բազմաթիվ միջոցառումներով ու խաղարկություններով, ինչպես նաև «IP հեռուստատեսության» և «IP հեռախոսակապի» ներկայացմամբ, որը Հայաստանում կիրառվելու է առաջին անգամ: