07/09/2009 15:48
Տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարությունը
Միացյալ նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի որոշումը, որով հակասահմանադրական է ճանաչվել Օսմանյան կայսրությունում 1915 թ. Ցեղասպանության զոհերի ժառանգորդներին կյանքի ապահովագրության շրջանակներում փոխհատուցում կատարելու մասին օրենքը, չի տարածվում «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության գործով սկսված գործընթացի վրա:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը` 2007թ-ի կեսերից ֆրանսիական «ԱՔՍԱ» ապահովագրական ընկերության գործով դիմումների ընդունման գործընթացը իր մասով ավարտել է առաքելությունը, որը կայանում էր իրավաբանական խորհրդատվության, հայցերի նախապատրաստման և հետևյալ հասցեով` Kurkjian and Ouzounian v. AXA Settlement Administrator AXA Settlement Claim fund 900 Wilshire Blvd., Suite 614 Los Angeles, CA 90017, ուղարկելու մեջ: Սահմանված ժամկետում Արդարադատության նախարարություն ներկայացված բոլոր հայցադիմումները ուղարկվել են կարգավորող հանձնաժողովին մինչև 2008 թվականի հունվարի 7-ը:
Ուղարկված դիմումների համաձայն, ժառանգորդ ճանաչվելու կամ չճանաչվելու փաստը հաստատվելու է դատարանի վճռով: «ԱՔՍԱ»-ի կարգավորող հանձնաժողովի գործադիր տնօրեն պարոն Բ. Գարթալյանը հայտնում է իր ներողամտությունը ժամկետների երկարաձգման հետ կապված և նշում, որ դատական գործընթացի ավարտվելուն պես, որը, ըստ նրա կավարտվի մինչև այս տարվա վերջ, նրանք անմիջական նամակագրական կապ կհաստատեն դիմումատուների հետ առանց Արդարադատության նախարարության միջնորդության և գիտության:
Այդ նամակով նրանք կտեղեկացվեն իրենց հայցի բավարարման կամ մերժման մասին, ինչպես նաև ապահովագրական գումարի չափի մասին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արդարադատության նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը: