07/09/2009 13:00
Վարդան Մինասյան. «Եթե բան կփոխվի, հենց հիմա կարող եմ հեռանալ»
Հետխաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը շատ հուզված էր: Բնականաբար, պարտությունն ազդել էր նրա տրամադրության վրա, բայց հայ մասնագետը նաև հուզված էր այն փաստից, որ խաղավերջում երկրպագուները վանկարկումներով պահանջեցին իր հրաժարականը:
Պատասխանելով Aysor.am-ի թղթակցի հարցերին` Վարդան Մինասյանը նշեց, որ դժգոհ է իր թիմի ցուցադրած խաղից:
«Իհարկե, գոհ չեմ խաղից,- հայտարարեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:- Սխալների պատճառով գոլեր ենք ընդունում սեփական դարպասը: Դրանք միգուցե ներվեն Հայաստանի առաջնությունում, բայց այսպիսի թիմերի դեմ խաղում, որոնց հարձակվողները գերմանական Բունդեսլիգայում են հանդես գալիս, նման վրիպումները վերածվում են գոլային ռեալ հնարավորությունների»:
Արարատ Առաքելյանի` վնասվածքի պատճառով խաղադաշտից հեռանալուց հետո կենտրոնում խաղային կապը ֆուտբոլիստների միջև խափանվեց: Վարդան Մինասյանը կիսեց մեր թղթակցի տպավորությունը: «Ինչ-որ բան, ճիշտ եք նկատել, փոխվեց: Ճիշտն ասած` երբ Հովհաննես Գոհարյանին երկրորդ խաղակեսի սկզբում ասպարեզ մտցրեցի, նպատակ ունեի ակտիվացնել խաղն առջևի գծում, քանի որ նա արագաշարժ և ագրեսիվ ֆուտբոլիստ է: Բայց Գոհարյանի խաղը չստացվեց: Ինչ վերաբերում է Արարատ Առաքելյանին, իրոք, նրա դուրս գալուց հետո ներդաշնակությունը խախտվեց: Նա մեջքի մասում ցավեր ունի, բայց հուսով ենք, որ վնասվածքը լուրջ չէ, և Արարատը կկարողանա նախապատրաստվել Բելգիայի ընտրանու հետ սեպտեմբերի 9-ին կայանալիք հանդիպմանը»:
Հանդիպման վերջում երկրպագուները, ովքեր խաղի ընթացքում երկրպագում էին մեր ֆուտբոլիստներին, հանկարծ սկսեցին վանկարկել. «Մինասյան, հեռացիր»: Մեր թղթակցի խնդրանքով անդրադառնալով ֆուտբոլասերների պահանջին` Վարդան Մինասյանը շեշտեց. «Խնդրեմ, եթե ինչ-որ բան կփոխվի, կարող եմ հենց հիմա էլ հեռանալ»:
Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի այս հայտարարությունը նաև խոստովանություն էր, որ ներկա իրավիճակում ոչ մի մարզիչ չի կարող այս թիմով հաջողություն ապահովել:
Վարդան Մինասյանը նշեց նաև, որ հանդիպման վերջում ֆուտբոլիստների գործողություններում հոգնածություն էր նկատվում: Խոսելով Բելգիայի ընտրանու հետ խաղում կազմի հնարավոր փոփոխությունների մասին` նա ասաց, որ դեղին քարտեր են եղել, նաև վնասվածքներ կան, և հետագա վերլուծությունը միայն ցույց կտա, թե ովքեր կարող են մասնակցել առաջիկա խաղին: «Եթե խնդիրներ ունենանք` կապված որոշ խաղացողների մասնակցության հետ, հավաքական կհրավիրենք երիտասարդական թիմի ֆուտբոլիստների»,- նշեց նա: