08/09/2009 13:48
Վարչապետի փոփոխությունը` «աննպատակ կամ ինքնանպատակ»
«Ցանկացած տարածաշրջանային նախագիծ, որին կմասնակցի Հայաստանը, խիստ դրական եմ համարում, որովհետև համաշխարհային տնտեսության մեջ չկա որևէ երկիր, որն իր տեղը գտել է և մրցունակ է համարվում, եթե նախապես չի ինտեգրվել տարածաշրջանում», - հայտնեց ՀՀ ԱԺ նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանը` անդրադառնալով «Նաբուկո» գազատարի նախագծին Հայաստանի «տեսական անդամակցության հարցին»:
Թ. Մանասերյանի կարծիքով` Հայաստանը մի շարք նախագծերից «դուրս է մնացել ոչ իր մեղքով, սակայն կան քայլեր, որոնք պետք է ձեռնարկենք ինքներս»: Որպես օրինակ, նա նշեց Հայաստանի պաշտոնատար անձանց` հարևան երկրների իրենց գործընկերների հետ կապեր ստեղծելը` «ավելի մոտիկից ծանոթություններ հաստատելը», ինչը պետք է լինի Կառավարության խնդիրը»:
Տնտեսագետը չհամաձայնեց գնահատականներ տալ ՀՀ կառավարության գործունեությանը` նախքան բյուջեի կատարողականի հաշվետվության ներկայացումը: Բացի այդ` Թ. Մանասերյանը նշեց, որ «վաղ է խոսել մի ծրագրի մասին, որն ընդունվեց մի և իրականացվում է այլ պայմաններում` դառնալով հակաճգնաժամային ծրագիր»:
«Կադրային փոփոխությունները համարում եմ աննպատակ կամ ինքնանպատակ, եթե դրանք չեն բերում տնտեսական և մարդկային զարգացման և, անընդհատ փոփոխությունները հիմք չեն տալիս ասելու, որ դրանից առաջընթաց կլինի», - հայտնեց Թ. Մանասերյանը` ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանին «փոխելու» վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան:
Ու, չնայած տնտեսագետն իրատեսական չհամարեց այն, որ «այս Կառավարությունը կարող է մրցունակություն ապահովել Թուրքիայի հետ բաց սահամնների պարագայում», միևնույն ժամանակ նա նշեց, որ դա հնարավոր է, «եթե Կառավարությանը ստիպեն ավելի լավ աշխատել` նույն կազմով»: