11/09/2009 15:13
Լրացավ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնավարման 100 օրը
Այսօր Գյուղատնտեսության նախարարությունում տեղի ունեցավ գերատեսչության ղեկավար Գերասիմ Ալավերդյանի պաշտոնավարման 100 օրվանը նվիրված մամլո ասուլիսը:
«Իմ նշանակումը համընկավ բերքահավաքի մթերումների հետ», - ասաց Գ. Ալավերդյանը և հավելեց, որ նշանակման օրվանից եղել է Հայաստանի մարզերում` տեղում ծանոթանալով գյուղացիների հուզող հարցերին և հատկապես մթերումների խնդիրներին:
Նա ներկայացրեց այս տարվա ծիրանի, լոլիկի և հատկապես խաղողի մթերումների խնդիրները, քանի որ այս բերքատեսակների հետ հանրապետությունում ամեն տարի խնդիրներ է առաջանում` կապված կամ մթերումների, կամ բերքի չիրացման կամ էլ մթերումների դիմաց ցածր վճարումների հետ:
Նախարարը նշեց, որ այս տարի արտահանվել և մթերվել է 17. 000 տոննա ծիրանի բերք: Այժմ ամբողջ աշխատանքները ուղղված են լոլիկի և, հատկապես, խաղողի մթերումներին:
Գերասիմ Ալավերդյանը ընդգծեց, որ լոլիկի ոչ մի պտուղ իսկ չի կորչում. վերամշակող գործարանները ընդունում են գյուղացու ողջ լոլիկի բերքը, իսկ վճարումները կատարվում են կանխիկ` մեկ կիլոգրամի դիմաց 30-ից 50 դրամ:
Իսկ ինչ վերաբերում է խաղողի այս տարվա բերքին, ապա այն 30-35 հազար տոննայով ավելին է, քան անցած տարի: Իսկ խաղողի իրացման խնդրում, նախարարի հավաստմամբ, կրկին խնդիրներ չեն լինելու:
«Խաղողը այս տարի կմթերվի 120-130 դրամի սահմաններում և ինչպես ծիրանի բերքի մթերումը անցկացվեց սահուն` առանց խնդիրների, նույնը նաև կատարվելու է խաղողի մթերումների հետ»,- ասաց Գ. Ալավերդյանը: