11/09/2009 13:12
Մինսկի քաղաքապետը ընդունեց Բելառուսում ՀՀ դեսպանին
Նախօրեին Մինսկի քաղաքապետ Նիկոլայ Լադուտկոյը ընդունեց Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանին:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Մինսկի և Երևանի միջև բարեկամության և համագործակցության հետագա խորացման և առաջիկայում Մինսկ քաղաքում հանուն Մեծ Հաղթանակի բելառուսական հողում նահատակված հայ ժողովրդի ավելի քան 33 հազար որդիների հիշատակը հավերժացնող խաչքարի տեղադրման հարցերը:
ՀՀ դեսպանը նշեց, որ 2002թ. հունիսի 6-ին Երևան և Մինսկ քաղաքների միջև առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային համագործակցության մասին Համաձայնագրի կնքմամբ մեկնարկած գործընթացը անհրաժեշտ է ընդլայնել և խորացնել: Հատկապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ երկու մայրաքաղաքների ղեկավարները նոր են և լրջորեն տրամադրված են առանձնահատուկ ուշադրություն դարձնել նշված հարցերին:
Նշելով, որ Մինսկը հանդիսանում է Եվրոպայի ամենախնամված քաղաքներից մեկը և աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ, դեսպան Եսայանը շնորհավորեց Նիկոլայ Լադուտկոյին սեպտեմբերի 12-ին Մինսկ քաղաքի 942-ամյակի կապակցությամբ և հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ Բելառուսի պաշտպանության և ազատագրման պայքարում զոհված հայորդիների հիշատակը հավերժացնող խաչքարը կգտնի իր տեղը Մինսկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունը: