11/09/2009 11:56
Րաֆֆի Մելիքյանը արծաթե մեդալ նվաճեց
Իսրայելական Էյլաթ քաղաքում անցկացվող Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունում մրցահարթակ են դուրս եկել Հայաստանի հերթական ներկայացուցիչները; Հաջող կարելի է համարել 69 կգ քաշային կարգում հանդես եկող Րաֆֆի Մելիքյանի ելույթը: Երկամարտում արձանագրած 280 կգ ցուցանիշով (պոկում վարժությունում` 123 կգ, հրում վարժությունում` 157 կգ) նա զբաղեցրեց երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի: Այս քաշային կարգում երկամարտի 297 կգ արդյունքով հաղթող հռչակվեց Ալբանիայի ներկայացուցիչ Դանիել Գոդելին, իսկ երրորդ հորիզոնականում հաստատված ռուսաստանցի Արտյոմ Օկուլովը ընդամենը մեկ միավորով զիջեց հայ մարզիկին:
Մինչև 77 կգ քաշային կարգում Արեն Ներսիսյանը երկամարտի 285 կգ արդյունքով (պոկում վարժությունում` 127 կգ, հրում վարժությունում` 158 կգ) գրավեց 6-րդ տեղը, իսկ Կարեն Աթյանը 266 կգ ցուցանիշով (պոկում վարժությունում` 115 կգ, հրում վարժությունում` 151 կգ) հանգրվանեց մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականում:
Այսպիսով` Եվրոպայի ծանրամարտի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն առայժմ նվաճել են մեկ ոսկե և երկու արծաթե մեդալ: