12/09/2009 10:50
Լևոն Արոնյանը ժամկետից շուտ նվաճեց հաղթողի կոչումը
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն իսպանական Բիլբաոյում ընթացող շախմատային «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի 5-րդ տուրում վստահ հաղթանակ տոնեց Ալեքսեյ Շիրովի նկատմամբ և, հավաքելով 12 միավոր, ժամկետից շուտ նվաճեց հաղթողի կոչումը: Մյուս պարտիայում Ալեքսանդր Գրիշչուկն սպիտակներով ոչ-ոքի խաղաց Սերգեյ Կարյակինի հետ և զրկվեց առաջին տեղի համար պայքարին միջամտելու վերջին հնարավորությունից:
Այսպիսով` մրցաշարային աղյուսակը 12 միավորով գլխավորում է Լևոն Արոնյանը: Նրան հաջորդող Ալեքսանդր Գրիշչուկը վաստակել է 7 միավոր: Սերգեյ Կարյակինը 6 միավորով հաստատվել է երրորդ հորիզոնականում, իսկ Ալեքսեյ Շիրովը անհուսալիորեն հայտնվել է հետնապահի դերում:
Լևոնը, ինչպես միշտ, խաղում է ու նաև մրցակիցներին է թույլատրում խաղալ: Մասնագետներից շատերը շեշտը դնում են այն հանգամանքի վրա, որ նրա պարտիաները հազվադեպ են անսխալ լինում, սակայն կարևորն այն է, որ վերջում ոչ թե հայ շախմատիստն է սխալվում, այլ նրա մրցակիցը: Հաջողությունը, բնականաբար, ուժեղներին է ժպտում… Հայ գրոսմայստերը, անշուշտ, ստեղծագործում է, և նրա խաղը հաճույք է պատճառում շախմատասերներին:
Ավելացնենք, որ այսօր կայանալիք վերջին տուրում Լևոն Արոնյանը սևերով մրցակցելու է Սերգեյ Կարյակինի, Ալեքսեյ Շիրովը` Ալեքսանդր Գրիշչուկի հետ: