12/09/2009 12:25
Տիգրան Բաբայան. «Իմ սաներն արդարացնում են սպասելիքները»
Արդեն երկրորդ օրն է` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Խաղային առաջին օրը մեր հավաքականը երկու բրոնզե մեդալ նվաճեց: Մինչև 55 և 60 կգ քաշային կարգերում Դավիթ Մկրտչյանն ու Տիգրան Վարոսյանը մրցանակային տեղեր գրավեցին: Օրվա հերոսներին ավելի լավ ճանաչելու համար ներկայացնենք որոշ մանրամասներ:
Դավիթ Մկրտչյանը ծնվել է 1990 թ., Երևանում: Այս տարի Չեխիայում կայացած միջազգային մրցաշարում դարձել է առաջին մրցանակակիր, ապրիլին Վրաստանում տեղի ունեցած մրցաշարում նույնպես ոսկե մեդալ է նվաճել, իսկ Իրանում արժանացել է 2-րդ մրցանակի:
Տիգրան Վարոսյանը ծնվել է 1990 թ., Վանաձորում: Նա ավելի քիչ միջազգային մրցումների փորձ ունի, սակայն դա չի խանգարել նրան` Հայաստանում տեղի ունեցող երիտասարդների առաջնությունում նվաճելու բրոնզե մեդալ: Այս տարի երիտասարդների գավաթի խաղարկության հաղթող է դարձել, Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում նվաճել է 2-րդ մրցանակը, իսկ Չեխիայում կրկնել է այդ հաջողությունը:
«Իմ սաներն արդարացնում են սպասելիքները: Մենք նոր հաղթանակներ ենք սպասում: Մարզիկները լավ մարզավիճակում են, և մեդալները մեզանից այնքան էլ հեռու չեն: Սակայն հապշտապ կանխատեսումներ չեմ ուզում անել: Պարզապես ցանկանում եմ կոչ անել մեր քաղաքացիներին` իրենց ներկայությամբ ոգևորելու հայ ձյուդոյիստներին»,- Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Տիգրան Բաբայանի խոսքերը մեջբերել է ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Ավելացնենք, որ այսօր հայ մարզուհիներից տատամի են մտնելու մինչև 63 և 70 կգ քաշային Անի Ավագյանը և Անի Իլիչյանը:
Արտյոմ Բաղդասարյանը, ինչպես նշել ենք, արդեն մեկնարկել է: Այսօր մենք ականատես կլինենք նաև Հայկ Համբարձումյանի ելույթներին: