15/09/2009 15:59
«Հայջրմուղկոյուղի» -ն բնակիչների հետ պայմանագրեր է վերակնքում
«Ջրակորուստների թվային տոկոսը կիջնի այն ժամանակ, երբ ներդրումները ավարտվեն և կարողանանք ապօրինի ջրամիացումները դադարեցնել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի տնօրեն Պատրիկ Լորենը, նշելով, որ «մարդիկ գողանում են ջուրը», իսկ ջրացանցը բավականին վատ վիճակում է գտնվում :
Ըստ բանախոսի, այս պահին «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն վերականգնում է բնակիչների հետ պայմանագրեր կնքելու գործընթացը: Ըստ այդ գործընթացի` այն ջուրսպառողները, ովքեր նախկինում պատքեր են ունեցել, կարող են սահմանել ժամանակացույց, ճշտել նախկին պատքերը և վճարումներ իրականացնել:
Պ. Լորենը ներկայացրեց նաև կազակերպության այս տարվա վարկավորման ֆինանսական աղբյուրները: Այդ աղբյորները, ըստ բանախոսի, հիմնականում երեքն են` Համաշխարհային բանկը, Ասիական զարգացման բանկը, Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը: Լորենի տեղեկացմամբ` Համաշխարհային բանկը տրամադրել է 26 մլն դոլար, Ասիական բանկը` 46 մլն դոլար, իսկ Եվրոպական զարգացման և վերակառուցման բանկը` 20 մլն դոլար:
«Իհարկե, ՀՀ կառավարությունը նույնպես որոշակի գումար է տրամադրել», - հավելեց Պ. Լորենը:
«Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ արդեն իրականացրել ենք առաջին վարկավորման ծրագիրը: Այս տարի սկսում ենք Համաշխարհային բանկի երկրորդ վարկավորման ծրագիրը, որն իր մեջ ներառում է սարքավորումների ձեռքբերում ընկերության համար և Հրազդան քաղաքի ջրամատակարարման բարելավվում», - ասաց Պատրիկ Լորենը:
Ըստ «Հայջրմուղկոյուղու» տնօրենի, ներդրումային ծրագրերով վերանորոգվում են բազմաթիվ ջրագծեր, ջրացանցեր, իսկ ՀՀ ամբողջ ջրացանցի վերանորոգման և վերականգնման համար կպահանջվի 600 մլն դոլար:
Պ. Լորենը նաև անդրադարձավ «Հայջրմուղկոյուղի» կազմակերպության աշխատակիցների աշխատավարձերին, նշելով, որ միջին աշխատավարձը 64. 000 դրամ է, և աշխատավարձեր վճարվում են ոչ թե ներդրումային գումարների, այլ կազմակերպության եկամուտներից: Եկամուտների 30 տոկոսը, ըստ տնօրենի, գնում է աշխատավարձերի ֆոնդ: