15/09/2009 13:14
Դպրոցների տարածքում ոչ մի պատահար չի գրանցվել
Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանն այսօր տեղեկացրեց, որ սեպտեմբերի առաջին տասնօրյակում դպրոցահասակ երեխաների մասնակցությամբ և դպրոցի ժամերին ոչ մի ճանապարհատրանսպորտային պատահար չի գրանցվել:
Փոխարենը, դպրոցի շրջակայքից դուրս` 10 օրվա ընթացքում գրանցվել է 59 ճանապարհային պատահար, որի արդյունքում եղել է 5 զոհ, 70 վիրավոր:
«Միջոցառումը տվել է իր դրական արդյունքը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 14-ով, զոհերի թիվը` 9-ով, վնասվածք ստացածներինը` 19-ով: Միջոցառման ընթացքում ոչ միայն ճանապարհային ոստիկաններն են ընդգրկվել, այլև` ոստիկանության պետի հանձնարարականով, մյուս ստորաբաժանումները նույնպես ընդգրկվել էին», - ասաց Նորիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ նախորդ տարիներին երեխաների կողմից փողոցը սխալ հատելու հետևանքնով էին գրանցվում հիմնական պատահարները, այդ իսկ պատճառով, ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետի խոսքով, այս տարի ոստիկաններն ավելի խիստ հսկողություն են իրականացնում հատկապես խաչմերուկներում:
«Տասնօրյակից հետո էլ մենք շարունակում ենք նույն աշխատանքը կատարել դպրոցամերձ տարածքում: Առավոտյան ժամերին` 8:30-9:30 և դասերը ավարտելուց` 12:00-14:30-ը ճանապարհային ոստիկանները շարունակում են աշխատանքները, որպեսզի անխափան իրականացվի տուն-դպրոց-տուն ճանապարհը», - հայտնեց Սարգսյանը:
Նա նաև հավելեց, որ ողջ տարվա ընթացքում` մանավանդ մայրաքաղաքում, բոլոր դպրոցների շրջակայքում շարունակվելու են անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքները: