15/09/2009 17:58
Էլմար Գասիմով. «Հայերը շատ հյուրասեր ազգ են»
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած Եվրոպայի ձյուդոյի երիտասարդական առաջնության մինչև 100 կգ քաշային կարգում ոսկե մեդալի արժանացավ Ադրբեջանի ներկայացուցիչը` Էլմար Գասիմովը: Պարգևատրման արարողությունից հետո, պատասխանելով Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի մամուլի ծառայության աշխատակցի հարցերին, Գասիմովը նշել է, որ երևանյան ոսկին իր կարիերայում առաջինն է, և ինքը երբեք չի մոռանա այն: «Այս հաջողությունը քրտնաջան մարզումների արդյունք է, մարզումներ, որոնց ընթացքում երբեմն նույնիսկ շատ վատ ինքնազգացողություն եմ ունեցել: Ցնցված եմ և ոգևորված: Այժմ կնախապատրաստվեմ Ֆրանսիայում կայանալիք աշխարհի երիտասարդների առաջնությանը: Ուզում եմ այնտեղ էլ արժանանալ չեմպիոնի կոչմանը: Այնուհետև կմասնակցեմ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Բնականաբար, ցանկացած մարզիկի երազանքն Օլիմպիադան է: Դա ամենակարևորն է»,- նշել է նա:
Բնականաբար, Գասիմովը չէր կարող անուշադրության մատնել այն պայմանները, որոնցով հայկական կողմն ապահովել էր ադրբեջանական պատվիրակությանը: «Հայ մարզիկների հետ այստեղ շփվելու հնարավորություն չի եղել: Բայց կարող եմ ասել, որ հայերը հյուրասեր ազգ են: Մենք հյուրանոցից դուրս չենք եկել, որովհետև կենտրոնացած մարզվում էինք, որպեսզի բարձր արդյունքներ արձանագրենք: Բայց մարզիչները դուրս են եկել, զբոսնել քաղաքում»,- հայտարարել է Եվրոպայի նորընծա չեմպիոնը:
Այն հարցին, թե, իր կարծիքով, արդյոք խնդիրներ կառաջանա՞յին, եթե երկու երկրների սպորտի նախարարությունների միջև անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ համաձայնագիր չստորագրվեր, Գասիմովը պատասխանել է. «Հիմա մտածում եմ, որ ոչ մի խնդիր էլ չէր առաջանա»: