15/09/2009 12:25
ՀՖՖ մամուլի քարտուղարը հեռանում է ֆեդերացիայից
Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գեորգի Մաթևոսյանը հանդես է եկել հայտարարությամբ` տեղեկացնելով, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ դադարեցնում է իր գործունեությունը հայաստանյան ֆուտբոլային գերատեսչությունում:
«Այսօրվանից այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ես հեռանում եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի քարտուղարի պաշտոնից,- նշված է լրատվամիջոցների ներկայացուցիչներին Գեորգի Մաթևոսյանի հղած նամակում:-
Այն ժամանակահատվածը, որն անցկացրել եմ այդ պաշտոնում, պրոֆեսիոնալ առումով ինձ շատ բան է տվել. այդ գիտելիքներն ու փորձը ես, անկասկած, կկարողանամ կիրառել նաև իմ նոր գործում:
Աշխատելով ՀՖՖ-ում` ես համագործակցել եմ Հայաստանի տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այն աշխատանքը, որը մենք կատարել ենք միասին, միտված է եղել հայկական ֆուտբոլի զարգացմանը: Թե ինչպես է ստացվել այն, թողնում եմ Ձեր դատին:
Ամեն դեպքում` շնորհակալություն եմ հայտնում բոլորին համագործակցության համար և ցանկանում եմ հետագա պտղաբեր աշխատանք` հանուն հայկական ֆուտբոլի»: