15/09/2009 14:47
Նորիկ Սարգսյան. Ամրագոտիներից մինչև կին վարորդներ
2009թ.-ի հունվարի 1-ից սեպտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ճանապարհային ոստիկանությունը հայտնաբերել և արձանագրել է 20 457 կանոնների խախտում, որը նախորդ տարվա համեմատ 9382-ով ավելի է: Այսօր այս մասին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ Նորիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ խախտումներից 1646-ը ամրագոտիները չկապելու արդյունքում են արձանագրվել:
«Այսօր դժվարությամբ ենք հայտնաբերում նման խախտումներ, որքան էլ թվում է մեր վարորդները կարգապահ չեն: Այսօր շատ դժվար է հայտնաբերել չամրակապված վարորդ: Եթե մենք պահելու ենք այդ հսկողությունը, արդյունքը կլինի տավրա վերջին», - ասաց Սարգսյանը:
Նա նաև հայտնեց, որ հանրապետությունում մարմնական վնասվածքների դեպքերը նվազել են 153-ով, զոհերի թիվը` 46-ով, վիրավորներինը` 279-ով: Նախորդ տարվա սեպտեմբերի 14-ի դրությամբ 1457 պատահար էր գրանցվել, 265 զոհ, 2109 վիրավոր: Նորիկ Սարգսյանը հայտնեց, որ այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դրությամբ 1304 պատահար է գրանցվել, 219 զոհ, 1230 վիրավոր:
«Չգիտենք, թե ով է փրկվել, բայց փաստ է, որ 50 մարդու կյանք է փրկվել: Տարվա վերջում կարձանագրեք, որ 70-80 մարդ ճանապարհային ոստիկանությունն իր աշխատանքի արդյունքում փրկել է: Հիմնականում արագությունը չգերազանցելու արդյունքն է նաև, որ պատահարները քիչ են լինում», - նշեց ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետը` անդրադառնալով նաև ամրագոտիներին:
Ամրագոտիների կապումը չկապենք բյուջեի հետ: Այսպես հորդորեց Նորիկ Սարգսյանը, նշելով, որ գանձվել է շուրջ 800 հազար դրամ տուգանք, բայց իրենք բյուջեն լցնելու խնդիր չունեն, այլ վարորդների անվտանգությունն ապահովելու:
«Իրականում զգացվում է, եթե վարորդն ուղղակի ուսին է գցում ամրագոտին ու չի կապում. մեզ համար չեն կապում, անում են իրենց անվտանգության համար: Արձանագրված 1646 խախտումներից 1000-ը մգեցված ապակիներով վարորդներն են եղել»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ ոչ ոք թող հույս չունենա, թե ճանապարհային ոստիկանությունը 10 օր անց էլ չի հետևելու:
Ամրագոտիների կողքին Ճանապարհային ոստիկանությունը կանցնի նաև ղեկին բջջային հեռախոսով խոսելու և հետիոտների` փողոցները սխալ հատելու սովորույթները վերացնելուն:
Ինչ վերաբերում է կին վարորդների կատարած խախտումներին, Նորիկ Սարգսյանը ասաց, որ կին վարորդները քիչ են խախտում, նրանք ավելի օրինապահ են, քան տղամարդիկ:
Երևանում խցանումների մասին ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետն ասաց, որ վերջին երկու տարվա ընթացքում Երևանում վերացել է խցանում հասկացողությունը. Սարգսյանի խոսքով, ընդամենը դադնաղ ընթացք է լինում: