16/09/2009 19:37
ՀՅԴ-ն հատուկ կարծիք է ներկայացրել ԱԺ` նախատեսված իրավունքով
«Մենք շարժվել ենք ԱԺ նախատեսված իրավունքնով, ըստ որի, զեկույցի վերաբերյալ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել իրենց առարկությունները` հատուկ կարծիքի տեսքով, որը զեկույցի անբաժան մասն է»,- լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` ԱԺ մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժոովի եզրափակիչ զեկույցից հետո:
Տեղեկացնենք, որ ՀՅԴ-ն` ի դեմս երկու պատգամավորների` Արծվիկ Մինասյանի և Արտաշես Շահբազյանի, ներկայացրել է հատուկ կարծիք, որը վերաբերում է ժամանակավոր հանձնաժողովի ներկայացրած վերջնական զեկույցի երեք կետերին:
«Զեկույցում փաստված են այն դեպքերը, երբ ոստիկանությունը կամ ոստիկանության առանձին աշխատակիցներ գործադրել են անհամաչափ ուժ և առանձին դեպքերում դուրս են եկել օրենքով նախատեսված սահմաներից: Սա արդեն հիմք է տալիս, որ ոստիկանության գործողությունները չգնահատվեին նման միանշանակ կերպով»,- մանրամասնեց Ա. Մինասյանը` զեկույցում «ոստիկանության գործողություններն ընդհանուր առմամբ համաչափ և իրավաչափ» գնահատելու վերաբերյալ:
«1677 բանաձևն ասում է, որ «հանձնաժողովի զեկույցը պետք է անդրադառնա հետաքննության անկողմանակալության և վստահելիության չափանիշներին»: Մենք գտնում ենք, որ հստակ պետք է արձանագրվեր, որ բոլոր բացթողումներն ու թերությունները, որոնք եղել են հետաքննության և նախաքննության ընթացքում, հիմք չեն տալիս պնդելու, որ նախաքննական գործողությունները համապատասխանում են, ամբողջությամբ արժանահավատ են և անկողմանակալության և վստահելիության չափանիշները բավարարված են»,- ՀՅԴ-ի երկրորդ դիտարկման մասին մեկնաբանություն ներկայացրեց Ա. Մինասյանը:
Երրորդ դիտարկումն, ըստ պատգամավորի, այն է, որ քանի դեռ վիրավորման հանգամանքները բացահայտված չեն, պատճառված վնասների մեղավորները բացահայտված և պատասխանատվության ենթարկված չեն, անհրաժեշտ է իրականացնել լրացուցիչ քննություն բոլոր հնարավոր միջոցներով:
«Բնականաբար, գտնում ենք, որ ապագա Հայաստանի հիմքը բարեփոխումներ իրականցնելն է: Մեր խնդիրն, ամենևին, ամեն պահի հակադրվելը չէ, այլ` ապահովել այնպիսի զարգացում, այնպիսի առաջընթաց, լինել այնպիսի պահանջների տերը, որ ապահովենք մեր երկրի առաջընթաց զարգացումը»,- իրենց քայլն այսպես բնութագրեց Ա. Մինասյանը և հավելեց. «Այնպես չէ, որ եթե զեկույցում որևէ դրույթ մեր դուրը չի գալիս, ուրեմն ամբողջ զեկույցը պետք է անտեսել: Մենք շարժվում ենք այն մոտեցումով, որ հարկավոր է լինել պահանջատեր, լինել այդ պահանջները մշտապես առաջ քաշող»: