16/09/2009 16:43
«Հայաստան»-ը հայացքն ուղում է Շուշիին
Նոյեմբերի 26-ին կայանալիք դրամահավաքի ընթացքում հավաքված գումարների մոտ 70 %-ն ուղղվելու է Շուշի քաղաքի վերականգնման ծրագրերին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ հիմնադրամը համագործակցում է ԼՂՀ կառավարության հետ` որոշելու Շուշիում ծրագրերի առաջնահերթությունը:
«Առաջինը ջրամատակարարման խնդիրն է: «Շուշիի վերածնունդ» հիմնադրամն այս պահին իրականացնում է ջուրը դեպի Շուշի բերելու ծրագիրը, որը կավարտվի մինչև տարվա վերջ, այնուհետև համահայկական հիմնադրամը կզբաղվի քաղաքի ներքին ցանցի խնդրով, որը մոտ 2-2.5 մլն դոլար արժողությամբ ծրագիր է»,- ասաց Ա. Վարդանյանը:
Նրա խոսքերով, Շուշիում կան բազմաթիվ խնդիրներ` սկսած բնակելի տների տանիքների վերանորոգումից, ճանապարհների շինարարությունից, մինչև դպրոցների վերանորոգում:
«Այդ բոլոր ոլորտներում փորձելու ենք առավել ներդրում ունենալ առաջիկա տարիների ընթացքում: Դա մեկ տարվա խնդիր չէ»,- նշեց հիմնադրամի գործադիր տնօրենը: