18/09/2009 16:02
Հայաստանում կվաճառվեն ռուսական УАЗ-ներ
Հայաստանում ռուսական УАЗ-ների վաճառքի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու օր առաջ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ Ուլյանովսկի նահանգապետ Սերգեյ Մորոզովի միջև:
Ուլյանովսկի նահանգի ղեկավարն առաջարկել է Հայաստանի տարածքում ստեղծել УАЗ-ի վաճառքի դիլերային ցանց, ինչպես նաև կազմակերպել Ուլյանովսկի մեքենաշինական գործարանում արտադրված մեքենաների մասերի վերջնական հավաքման գործընթացը: Նման համագործակցությունը թույլ կտա նոր աշխատատեղեր ստեղծել Հայաստանում:
Մեքենաշինությունից բացի, կողմերի միջև քննարկվել են նաև գյուղատնտեսության, գյուղմթերքների վերամշակման, թեթև արդյունբերության և տեքստիլի ոլորտներում համագործակցության հեռանկարները:
Հայաստանը շահագրգռված է Ուլյանովսկի շրջանում էլիտար սերմերի արտադրության և դրանք Հայաստան ներկրելու մեջ:
Ռուսական պատվիրակությունը Հայաստան այցի շրջանակներում եղել է Գյումրիում և մարզային իշխանությունների հետ քննարկել մի շարք ոլորտներում` քարմշակման, շինարարության, ակտիվ համագործակցություն սկսելու վերաբերող հարցեր:
Ինչպես նկատել է Ուլյանովսկի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Պինկովը, Հայաստանն այսօր ԱՊՀ երկրների շարքում ապրանքաշրջանառության ծավալներով Ուլյանովսկի 6-րդ գործընկերն է:
Նա կարծիք է հայտնել, որ նորացվող և ակտիվացվող գործակցությունը մի քանի անգամ կմեծացնի ապրանքաշրջանառության ներկա ցուցանիշները: