19/09/2009 12:37
Իրավաբանների համահայկական առաջին համաժողովը մեկնարկեց
Այսօր Երևանում բացվել է իրավաբանների համահայկական առաջին համաժողովը: Աշխարհի տարբեր երկրներից, նաև Արցախից և Հայաստանից մոտ 100 հայ իրավաբաններ հավաքվել են Երևանում` մեկտեղելու իրենց ուժերը: Համաժողովի թեման է` «Հայ իրավական միտքը և 21-րդ դարի մարտահրավերները»:
Համաժողովը բացեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և, իր խոսքում անդրադառնալով Հայաստանի անկախությունից հետո ստեղծված իրավիճակին, շեշտեց, որ Հայաստանը ուզում է կառուցել քաղաքացիական հասարկություն և ժողովրդավարական երկիր: Եվ այդ ճանապարհին նախարարն ակնկալում է նաև աշխարհասփյուռ հայ իրավաբանների օգնությունը:
Իրավաբանների համահայկական համաժողովին իր ուղերձներին էին հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
Հայ իրավաբաններին ողջույնի խոսք ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա նշեց, որ Հայաստանի իրավաբանության ոլորտում անելիքներ կան, և այս համաժողովը լավ առիթ է` համատեղ ձևակերպելու և լուծելու այդ անելիքները:
Այսօր, համաժողովից հետո, իրավաբանները ներկա են լինելու սփյուռքահայ դրամատուրգ Մանվել Ադամյանի ներկայացմանը` Գաբրիել Սունդուկյանի անվան դրամատիկական թատրոնում: Վաղը համաժողովականները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, կհյուրընկալվեն Ն.Ս.Օ.Տ.Տ, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, իսկ սեպտեմբերի 21-ին, համաժողովի վերջին օրը, կայցելեն Սևան, Դիլիջան, Գոշավանք:
Նույն օրը երեկոյան Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ համաժողովի մասնակիցները կմասնակցեն ՀՀ նախագահի կողմից կազմակերպված ընդունելությանը: