22/09/2009 13:09
«Հայաստանը չի կատարում Օրհուսի կոնվենցիայով պարտավորությունները»
«Հայաստանում չեն պահպանվում Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնական սկզբունքներից երկուսը` հասարակայնության մասնակցությունը էկոլոգիական կարևոր որոշումների ընդունման գործնթացին և արդարադատության մատչելիությունը»: Այդ մասին ասված է Օրհուսի կոնվենցիայի քարտուղարությանն ուղղված երեք հասարակական կազմակերպությունների` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնե-ի, «Էկոդարե-ի, Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլիայի 2009թ. սեպտեմբերի 15-ի դիմումում:
Հիշեցնենք, որ վերոնշյալ կազմակերպությունները երկու անգամ դիմել են ՀՀ Վարչական դատարան: Առաջին անգամ հայցով, որպեսզի անօրինական համարվեն ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացությունները, կառավարության՝ Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպես նաև «Аrmenian Cooper Programե (AСР) ընկերությանը Թեղուտի հանքավայրի շահագործման արտոնագրի տրամադրումը, իսկ երկրորդ անգամ` բողոքով՝ հայցի քննումը մերժելու համար: Վարչական դատարանը երկու դիմումները մերժել է:
Ըստ Էկո-լուրի, քարտուղարությանն ուղղված դիմումում մատնանշված է Օրհուսի կոնվենցիայի հիմնական դրույթների խախտումը: Հայաստանը Օրհուսի կոնվենցիան վավերացրել է 2001թ. մայիսին: Այն բնապահպանական ոլորտում ժողովրդավարական սկզբունքների ներդրման արդյունավետ գործիք է:
Այսպիսով, դիմումում նշված է, որ «Թեղուտի հանքավայրի շահագործմանը վերաբերող պետական մարմինների որոշումներով և գործողություններով խախտվել են Օրհուսի կոնվենցիայի` հոդված 6-ի կետ 2-ը (սկզբնական փուլերում հասարակայնության մասնակցության ապահովումը), հոդված 6-ի կետ 4-ը (հասարակայնության արդյունավետ մասնակցության ապահովումը), հոդված 6-ի կետ 8 –ը (որոշումներում պետք է արտացոլված լինեն հասարակայնության մասնակցության արդյունքները), հոդված 6-ի կետ 9-ը (հասարակայնությանը պետք է անմիջապես տեղեկացվի ընդունված որոշումների մասին)»:
«Վարչական դատարանի կողմից հայցի մերժումը նույնպես ուղղակի խախտում է Օրհուսի կոնվենցիայի երրորդ մասը` արդարադատության մատչելիությունը», - նշված է հաղորդագրությունում: