22/09/2009 13:27
Aysor-ի բացառիկ հարցազրույցը Քերոլայն Քոքսի հետ
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի 69-րդ այցը Հայաստան նվիրված էր Լեռնային Ղարաբաղի հանրապետությանն ուղղված բարեգործական ևս մեկ ծրագրի մեկնարկին: Ծրագիրը իրականացվում է բարոնուհի Քոքսի կողմից հիմնադրված «Hart» կազմակերպության և բրիտանական «Lilis Consulting» ընկերության կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է հեռուստամարաթոն, որի ընթացքում աշխարհի համարյա բոլոր երկրներում ի ցույց կդրվի հայկական մշակույթը, երգն ու պարը: Հեռուստամարաթոնից հավաքված գումարը կօգտագործվի Լեռնային Ղարաբաղում դպրոցների և հիվանդանոցների կառուցման համար:
Առաջին անգամ տիկին Քոքսն այցելել է Լեռնային Ղարաբաղը 1991թ-ին և ամբողջ պատերազմի ընթացքում` մինչև 1994թ-ը, բարոնուհին եղել է պատերազմական գործողությունների կիզակետում: Հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քոքսը հայ ժողովրդի կողքին է եղել ամենածանր տարիներին, նա մեծ ներդրում ունի նաև հետպատերազմյան շրջանում Լեռնային Ղարաբաղի հանրապետության վերականգնման մեջ:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Բրիտանիայի Լորդերի պալատի փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի բացառիկ հարցազրույցը Aysor.am տեղեկատվական վեբ կայքին:
Վերհիշելով ղարաբաղյան պատերազմը` տիկին Քոքսը պատմում է. «Սա շատ դաժան և ծանր պատերազմ էր, քանի որ մի քանի հազար հայ զինվորները դիմակայում էին քանակական առումով տասնապատիկ իրենց գերազանցող ադրբեջանցիներին: Զինվածության հարցում էլ առավելությունն ադրբեջանցիների կողմն էր»: Բարոնուհու խոսքերով Արցախի ժողովրդի կողմից հերոսություն էր ոչ միայն նմանօրինակ պայմաններում կռվելը, այլև այդ դաժան պատերազմից հետո երկիրը վերականգնելն ու ծաղկեցնելը: «Հայերը հաղթեցին, որովհետև իրենք կռվում էին իրենց հայրենական հողի համար, որտեղ դարերով ապրել են»:
«Մարաղայում ադրբեջանցիները հանցանք են գործել մարդկության դեմ», - Aysor.am-ին տրված իր հարցազրույցում փաստել է Քվինսբուրգի բարոնուհի Քերոլայն Քոքսը:
1992թ-ի ապրիլի 10-ին Ադրբեջանի կանոնավոր բանակի զորամասերի կողմից ձեռնարկված գրոհի հետևանքով հիմնովին ավերվել է Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղը: «Ես երբեք չեմ մոռանա այդ ահավոր օրը, երբ ադրբեջանցիները հարձակվեցին Մարաղայի վրա,- պատմում է բարոնուհին:-Ադրբեջանցիները հարձակվեցին գյուղի վրա: Նրանք սկսեցին կրակոցներից, ապա գործի դրեցին տանկերը: Մարաղայի բնակիչները լիովին անպաշտպան էին, նրանք գրեթե ոչինչ չունեին թշնամուն դիմակայելու համար: Ես տեսա երիտասարդ մի տղայի, որ փորձում էր ազերիների տանկի դեմն առնել որսորդական հրացանի օգնությամբ: Մարաղայի սպանդի ամենադաժան տեսարաններից մեկը մարդկանց գլխատված մարմիններն էին»: Մարաղայում ադրբեջանցիների իրականացրած բարբարոսությունները նկարագրությունը շատ ծանր էր բարոնուհու համար. տիկին Քոքսի աչքերը մի պահ թրջվեցին, սակայն բարոնուհին շարունակում էր.«Ես տեսել եմ, տեսել եմ, թե ինչպես են ադրբեջանցիները գլխատում մարդկանց, տեսել եմ վառված դիակներ, ըստ երևույթին, որոշ մարդկանց նրանք կենդանի վառել էին: Նրանք հիմնահատակ քանդում ու վառում էին հայերի տները, սակայն վառելուց առաջ թալանում էին դրանք` այնտեղից դուրս բերելով այն ամենն, ինչ իրենց չէր պատկանում»: «1992թ-ին ադրբեջանցիները Մարաղայում հանցանք են գործել ողջ մարդկության դեմ»,-նշեց տիկին Քոքսը:
«Ադրբեջանն իր քաղաքացիներին Խոջալու քաղաքում օգտագործեց որպես վահան»
Aysor.am-ի այն հարցին, թե արդյո՞ք միջազգային հանրությունն այսօր բավականին տեղեկացված է ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որպեսզի կարողանա դիմակայել ադրբեջանական քարոզչության կողմից տարածվող ապատեղեկատվությանը, տիկին Քոքսը պատասխանեց. «Կարծում եմ` ներկայումս Ադրբեջանն ահռելի գումարներ է ծախսում «Խոջալուի դեպքերը» հասկացությունը շրջանառության մեջ դնելու համար: Սակայն ես գիտեմ, որ հայկական կողմը տեղեկացրել էր Ադրբեջանը հարձակման մասին, և ադրբեջանի քաղաքացիներին էլ հեռանալու հնարավորություն էր տրվել: Նույնիսկ հենց իրենք` ադրբեջանցիները, նշում են, որ տեղեկացվել են հարձակման մասին: Ես կարող եմ ասել, որ հայերն ամեն ինչ արեցին անմեղ զոհերից խուսափելու համար: Իհարկե անմեղ զոհերը միշտ էլ ողբերգություն է, այս փաստի հետ ոչ ոք չի վիճում: Սակայն Ադրբեջանին նախընտրեց իր քաղաքացիներին օգտագործել որպես կենդանի վահան, իսկ հետո էլ ադրբեջանական քարոզչությունն իր քաղաքացիների դիակներն օգտագործեց քարոզչական շոու սկսելու համար: Խոջալուն այն չէ, ինչ ադրբեջանցիներն են ներկայացնում, նրանք հնարավորություն ունեին խուսափել պատահածից: Հայերը քարոզչության կարիք չունեն, քանի որ ճշմարտությունը նրանց կողմն է: Հայաստանի դեսպանատներին և տարբեր երկրներում ներկայացչություններին մնում է միայն բարձրաձայնել ճշմարտությունը: Կարծում եմ Ադրբեջանը չի կարող հաղթել տեղեկատվական այս պատերազմում»:
«Միջազգային հանրությունը պետք է հասկանա և իմանա, որ հայերը ագրեսոր չեն, հայերը զոհեր են», - շեշտեց բարոնուհին:
«Ղարաբաղը դեմոկրատական պետության կայացման ճանապարհին է».
Սա է Բարոնուհի Քոքսի կարծիքը Լեռնային Ղարաբաղի հանրապետության մասին: «Ես եղել եմ ԼՂ-ում նախագահական ընտրությունների ժամանակ և ոչ միայն ես, այնտեղ են եղել միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ և բոլորն էլ փաստում են, որ ընտրություններն անցել են համապատասխան դեմոկրատական նորմերի: Լեռնային Ղարաբաղն այսօր բռնել է դեմոկրատական պետության կայացման ուղին, ուր հարգված են մարդու իրավունքներն ու զարգանում է քաղաքացիական հասարակությունը: Ես հուսով եմ, որ միջազգային հանրությունը, հենվելով ազգերի ինքնորոշման իրավունքի վրա, հնարավորություն կտա Արցախի ժողովրդին` տնօրինելու սեփական ճակատագիրը և որոշելու իր ապագայի ճանապարհը»,- եզրափակեց բարոնուհի Քոքսը: