23/09/2009 10:54
Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությունը Հայաստանում է
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին ընդունել է Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը` ԵՀ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնօրինության ղեկավար Գունար Վիգանդի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից
Նախարար Նալբանդյանը նշել է, որ Եվրոպական միության հետ հարաբերությունները Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից են և Հայաստանը շահագրգռված է առավել զարգացնել փոխշահավետ համագործակցությունը ԵՄ հետ:
Հանդիպմանը հանգամանալից զրույց է ծավալվել Հայաստան - Եվրոպական միություն համագործակցության վերաբերյալ, քննարկվել են ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրի իրագործմանն առնչվող մի շարք հարցեր: Այս համատեքստում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ համագործակցության այս նոր ձևաչափը զգալի ներուժ է պարունակում, և Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին:
Գունար Վիգանդը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրել է Երևանում կայացած ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի 10-րդ նիստի արդյունքները:
Կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման և ազատ առևտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները: Գունար Վիգանդը տեղեկացրել է, որ որոշում է ընդունվել ս.թ. նոյեմբերին ներկայացնելու Հայաստանի, ինչպես նաև Հարավային Կովկասի մյուս երկրների հետ ասոցիացման համաձայնագրերի կնքման ծրագիրը:
Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել ԵՄ խորհրդատուների խմբի գործունեությունը Հայաստանում` հույս հայտնելով, որ այդ նախագիծը կնպաստի բարեփոխումների իրականացմանը օրենսդիր, գործադիր և դատական համակարգերում:
Հյուրերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների վերջին զարգացումները: