23/09/2009 10:28
Գյումրի-Ղարս` ռեալ հնարավորություն, Երևան-Մոսկվա` հեռավոր երազ
1898թ. փետրվարին, առաջին գնացքը, հաղթահարելով 180կմ հատվածը, Թիֆլիսից հասավ Ալեքսանդրապոլ (այժմ` Գյումրի): Հայաստանի համար, որը չունի ելք դեպի ծով և գտնվում է 1800մ ծովի մակերևույթից բարձր, երկաթուղային տրանսպորտը կարևոր ռազմավարական նշանակություն ունի` հանրապետության տնտեսական և սոցիալական զարգացմանը նպաստող հուսալի տրանսպորտային կապով ապահովելու համար:
2008 թ-ից հայկական երկաթուղու համակարգը կոնցենսիոն կառավարման հանձնվեց «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին, որն էլ ապահովում է Հայաստանի թե ներքին, և թե միջպետական երկաթուղային հաղորդակցությունը:
Ինչպես Aysor-ին հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամլո քարտուղար Վահե Դավթյանը, ներկայումս հաղորդակցություն է իրագործվում 11 ուղղություններով. ներհանրապետական` Երևան-Գյումրի, Երևան-Երասխ, Երևան-Արմավիր, Գյումրի-Պեմզաշեն, Վանաձոր-Այրում, Երևան-Արաքս, Երևան-Արարատ, Հրազդան-Քանաքեռ-Շորժա, միջպետական` Երևան-Թբիլիսի և Երևան-Բաթումի: Վերջինս գործում է ամառային սեզոնին:
«Այս տարի հուլիսի 10-ին առաջին անգամ մեկնարկեց Երևան-Արմավիր արագընթաց գնացքը, որը նախկինում չէր շահագործվում», - ասաց Վ. Դավթյանը, նշելով որ առաջիկայում նոր ուղղությունների բացում չի նախատեսվում:
Այն հարցիս, թե Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման դեպքում ինչ փոփոխություններ կլինեն երկաթուղային ուղղություններում, Վ. Դավթյանը պատասխանեց. «Մեր գնահատականներով, Հայաստանը Թուրքիային կապող Գյումրի-Ղարս գիծն այժմ բավականին լավ վիճակում է գտնվում և «Հարավկովկասյան երկաթուղի»-ն տեխնիկապես պատրաստ է ապահովել Հայաստան-Թուրքիա երկաթուղային հաղորդակցությունը»:
Անդրադառնալով մեզ հասած որոշ լուրերի, թե ապագայում հնարավոր է վերագործարկվի նաև Երևան-Մոսկվա ուղղությունը, Վ. Դավթյանը նշեց, որ այդ լուրերը միանշանակ չեն համապատասխանում իրականությանը:
«Եթե նույնիսկ համապատասխանեին, ապա դա շատ քաղաքական հարց է` Վրաստանի ու Աբխազիայի միջև սահմանը փակ է և, մինչև նրանք չլուծեն իրենց ներքին քաղաքական հարցերը, մենք չենք կարող ելք ունենալ դեպի Ռուսաստան», - ասաց Վ. Դավթյանը: